Ապագայի պակտը կջնջի ռուսական իներցիոն ազդեցության գոտիները
copy image url

Ապագայի պակտը կջնջի ռուսական իներցիոն ազդեցության գոտիները

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:00 24-09-2024
Բաքվի խորհրդարանում Իլհամ Ալիևի հոխորտանքն ու սպառնալիքները Հայաստանի, հայ ժողովրդի հասցեին բավարար հիմք են, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը, որոնք այս օրերին Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի 79-րդ նստաշրջանին, այդ ամբիոններից առաջ մղեն հայ ժողովրդի ազատությանը, ՀՀ ինքնիշխան իրավունքներին, ազգային և գլոբալ անվտանգային հարցերին առնչվող թեմաներ։ Խնդիրն արդիական է նաև գլոբալ քաղաքականության համատեքստում, քանի որ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ նստաշրջանն ընդունել է Ապագայի պակտը, որը նախատեսում է վերանայել ՄԱԿ ինստիտուտները՝ ներառյալ Անվտանգության խորհուրդը։ Այս փաստաթուղթը նոր աշխարհակարգի հիմնաքարերից մեկն է դառնալու, որտեղ ՌԴ-ն չի ունենալու այն դիրքը, որը ստացել էր նրա իրավանախորդ ԽՍՀՄ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո։ Ենթադրաբար՝ վերանալու է նաև ՌԴ-ի իներցիոն ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Արդյո՞ք ապագայի պակտը ստորագրելուց հետո ՀՀ ներկայացուցիչները կօգտվեն առիթից ու կխոսեն ՀՀ անվտանգային իրական հարցերի մասին։ Թե՞ մեր երկիրը պահելու են խորտակվող ռուսական նավին կապված։

Աշխարհի երկրների մեծ մասը միավորված պաշտպանում է Ուկրաինային, մեր երբեմնի բախտակից երկրին, որի ազատության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է անում Ռուսաստանը։ Եթե հաշվի առնենք, որ ՀՀ անվտանգային խնդիրների մեծ մասը գալիս է նույն Մոսկվայից, և դրանց հիմքում նույն ծավալապաշտական նկրտումն է, ապա նման աջակցություն կարող է ակնկալել նաև Հայաստանը, եթե անկեղծ ներկայացնի իրավիճակն ու սպառնալիքները, իրերը կոչի իրենց անուններով։ Ադրբեջանը նույնպես հակաքաղաքակրթական դիրքորոշում ունի։ Եվ ժողովրդավարական երկրների մեծ մասը դատապարտում է Բաքվի հակամարդկային գործողություններն Արցախում, ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների օկուպացիան, Սյունիքով արտատարածքային միջանցք զավթելու հակաքաղաքակրթական նկրտումը։ Այս առումով՝ ՄԱԿ-ի նստաշրջանը լավ հարթակ է մեր և քաղաքակրթության թշնամիների վերաբերյալ միասնական դիրքորոշում ամրագրելու համար։ Ցավոք՝ ՀՀ բարձր պաշտոնյաները պարզ չեն ասում, թե ովքեր են մեր դաշնակիցներն ու չբարեկամները, հաշվի չառնելով, որ այս հարցում պարզությունը քաղաքականության հիմքն է։

Նախքան չբարեկամների և պոտենցիալ դաշնակիցների երեսը պարզեցնելը, հիշենք, որ դեռևս խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանի անկախության հակառակորդները հայ ժողովրդին վախեցնում էին, թե Հայաստանը չի կարող անկախ լինել, քանի որ շրջապատված է ենթադրյալ թշնամիներով, որոնք մեզ կուտեն։ Նույն քարոզչությունն այսօր առաջ են մղում ռուսական ազդեցության գործակալները, թյուրիմացաբար կեղծելով, թե ՀՀ սահմաններին տեղակայված ռուսական զորքերը պաշտպանում են հայ ժողովրդին արտաքին թշնամիներից, որ մեզ չուտեն։

Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն անկախություն հռչակելուց առաջ արդեն փաստացի պատերազմի մեջ էր, ապա կարելի է ասել, որ Հայաստանը ծնված օրից թշնամիներ է ունեցել։ Առաջին թշնամին ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանն էր, որից անկախացել էր Հայաստանը, երկրորդը՝ Ադրբեջանն էր, որը ձգում էր զավթել Արցախը։ Արցախյան առաջին պատերազմի սկզբնական շրջանում այս երկու երկրները միասնաբար, միասնական ուժերով կռվում էին Հայաստանի, հայ ժողովրդի դեմ։ ՀՀ բարձր պաշտոնյաները բազմիցս ակնարկել են, թե 44-օրյա պատերազմից հետո Մոսկվան, Անկարան, Բաքուն, Մինսկը, ՀԱՊԿ անդամ ևս մի երկիր, և ևս մի քանի մեծ երկրներ միասնաբար մտադրվել են ոտնձգություն կատարել ՀՀ անկախության դեմ, բայց չեն կարողացել հանցանքը գլուխ բերել Արևմուտքի վճռական հակազդեցության շնորհիվ։ ՀՀ ԱԽՔ-ը, ՔՊ-ական որոշ պատգամավորներ բաց հայտարարել են, որ Մոսկվան աջակցել է Բաքվին ՀՀ-ի դեմ ագրեսիաների և ՀՀ ինքնիշխան տարածքից որոշ հատվածներ զավթելու ժամանակ։ ՀՀ-ի դեմ ագրեսիաների փաստով 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ նիստում որոշ երկրներ չեն դատապատել ՀՀ-ի դեմ ագրեսիան։

Հետևաբար՝ ՀՀ անկախության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն անող, դրանք կասկածի տակ դնող, հայ ժողովրդի ազատության իրավունքը չհարգող երկրներն, անկախ՝ դիրքից, պատմական և մշակութային ընդհանրությունից, կարող ենք կոչել ոչ բարեկամական երկրներ։ Իսկ դաշնակիցներ կարող են դառնալ այն երկրները, որոնք ՀՀ անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հայ ժողովրդի ազատության իրավունքը հարգում են։

Համեմատության համար նշենք, որ ՌԴ-ն 2022-ին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո պարբերաբար հրապարակում է ոչ բարեկամ երկրների ցանկը։ Դրանում մի քանի տասնյակ երկիր է ներգրավված, որոնք ակտիվ սատարում են Ուկրաինային, նրան օգնում ֆինանսապես, զենք մատակարարում, ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառում և այլն։ 2024-ի մարտին հայտնի դարձավ, որ ՌԴ ոչ բարեկամ երկրների ցանկում ներգրավվել է նաև Հայաստանը։ Այս մասին պարզաբանում է տվել ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան 2024-ի մարտի 21-ին։ Դրանից զատ՝ ՌԴ ԱԳՆ-ն մի քանի անգամ ՀՀ իշխանությունների քայլերը, որոշումները որակել է ոչ բարեկամական։ Մոսկվան շարունակում է պահանջել, որ ՀՀ-ն Ադրբեջանին միջանցք տրամադրի՝ համաձայն նոյեմբերի 9-ի 9-րդ կետի։ Իսկ վերջին ամիսներին ռուս սահմանապահները ՌԴ-ից Երևան ուղևորվող ՌԴ քաղաքացիներին զգուշացնում են, որ վերջիններս մեկնում են ոչ բարեկամ երկիր։

Այս պարզ փաստերի ֆոնին անհասկանալի է, թե ՀՀ-ն ինչո՞ւ չի բարձրացնում ՀՀ սահմաններից ոչ բարեկամ ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը։ Առավել ապշեցուցիչ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ՀՀ ոչ բարեկամ ադրբեջանական զորքերի դուրս բերման պահանջ չի ներկայացվում։ Գուցե ՔՊ-ական իշխանությունները դեմ չե՞ն ադրբեջանական և ռուսական օկուպացիային։

Պարզ ասած՝ առաջիկա օրերին ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոններից պարտավոր են պարզ խոսել ՀՀ անվտանգային իրական խնդիրների, չբարեկամների հակահայ և հակաքաղաքակրթական նկրտումների մասին, ջանքեր գործադրեն ավելացնելու իրական դաշնակիցների շարքերը, քանի որ առաջիկայում աշխարհը լրջորեն փոփոխվելու է, և ջնջվելու են այն ազդեցության գոտիները, որոնք իներցիայով պահպանվում էին ԽՍՀՄ-ի կործանումից հետո։ Հակառակ պարագայում ՔՊ-ական պաշտոնյաներին կարելի է հանդիմանել փոքրոգության, ռուսական գործակալ լինելու, ՀՀ ազգային շահերն ուրանալու մեջ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի