Ընդհանուր առմամբ Արևմտյան Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների, թե՛ դրական արդյունքների, ինչը մեր կողմից ներկայացվել էր, որ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կտեսնենք նվազում»,- ասաց նա:
Նա նշեց, որ ընդհանուր աշխատանքները դեռ շարունակվում են, և իրենց մարզային այցելությունները ևս կշարունակվեն:
«Ոչ միայն կապված նեղոսյան տենդի հետ, այլ նաև կարմրուկով պայմանավորված մենք ունենք շատ լավ վիճակ: Վերջին երեք շաբաթվա ընթացքում գրանցել ենք միայն բերովի դեպքեր, տեղական բոլոր բռնկումներն արդեն մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակվեն, որ չունենաք այդ բերովի դեպքերից հետո նաև տարածում»,- շեշտեց նախարարը:
Հարցին՝ հրաման է եղել դպրոցների պատուհանները ցանցապատել, արվե՞լ է, նա պատասխանեց. «Նախ հրահանգը չի կարող վերաբերել կանխարգելիչ մեկ կազմակերպությանը, մոծակները չեն ընտրում չէ՞ միայն դպրոցները, դա վերաբերում է ընդհանուր առմամբ հակահամաճարակային միջոցների կիրառմանը»: