Առաջիկա օրերին թեժ աշնան տրամաբանության մեջ երկու կարևոր միջոցառում է նախատեսվում։ Առաջինը՝ սեպտեմբերի 22-ին Սրբազան պայքարը մեծ հավաք է գումարելու Մարզահամերգային համալիրում, խոստանալով, որ դրանից հետո սկիզբ կառնի անկասելի հաղթական արշավը։ Երկրորդը՝ սեպտեմբերի 28-29-ին կազմակերպվելու են Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները:
Արդեն կանխատեսելի է, որ թեժ աշունը կգոհացնի գրեթե բոլորին։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհանգստանան, շառից ու փորձանքից հեռու կմնան, Փաշինյանն ու նրան սատարողները նույն նարատիվները շահարկելով, առաջ կգնան ու կամրացնեն ՔՊ-ի էլեկտորատը։ Իսկ ՔՊ-ական իշխանությունից դժգոհ ժողովուրդը բողոք արտահայտելու ասպարեզ կունանա սեպտեմբերի 22-ից ակտիվացող պայքարի ժամանակ։
Այստեղ կարևոր է երկու հանգամանք։ Առաջինը՝ նախկին նախագահները պարբերաբար պետք է հանդիպեն Բագրատ Սրբազանի հետ, տպավորություն ստեղծելով, որ նա է իրենց ներկայացուցիչն ու գործի շարունակողը։ Որպես ապացույց՝ նրանց աջակիցները, նախկին պաշտոնյաները, արցախցիները պետք է ակտիվ մասնակցեն միջոցառումներին։ Եթե Մոսկվայից լինեն «խնդրանքներ», թե ինչ ուղերձներ հղվեն միտինգների ժամանակ, ապա դրանք կիրագործվեն Բագրատ Սրբազանի կողքին կանգնած երկրորդ էշելոնի մարդկանց միջոցով։ Այսինքն՝ պայքարի հարթակներից պարբերաբար հնչելու են ռուսամետ ելույթներ։
Երկրորդը՝ Փաշինյանին աջակցող գործիչներն ու վերլուծաբանները ամեն առիթով պիտի նկատեն նախկին նախագահների և Բագրատ Սրբազանի պարբերական հանդիպումներն ու մատնացույց անեն, որ Սրբազանի հետևում նախկին նախագահներն են, ժողովրդին համոզեն, որ երկընտրանքը մնում է նույնը, ցուցարարներին պետք է որակեն ռուսական գործակալներ, որ կառավարելի պահեն իրավիճակն ու ժողովրդական ցույցերը ցրելու լեգիտիմ հիմք ստեղծեն։
Այս ամենը թեժացնելու է իրավիճակը և տպավորություն տեղծելու, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը շարունակվում է ու կարող է հաջողությամբ պսակվել, ինչը ոգևորելու է մարդկանց ու դուրս է բերելու փողոց։
Պակաս կարևոր չէ պետություն-եկեղեցի հարաբերություններում սպասվող հերթական փորձությունը Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների ժամանակ։ Եթե իշխանությունները մասնակցեն արարողությանը, ապա դրական առաջընթաց կարձանագրվի, պետություն-եկեղեցին հաշտության և ներդաշնակության եզրեր կուրվագծվեն։ Լավատեսորեն ենթադրելի է, որ հանդիպումներ կլինեն ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաների և եկեղեցու ղեկավարների միջև, որի ժամանակ կողմերը կհայտարարեն ընդհանուր նպատակների, առաջնահերթությունների, գործակցելու պատրաստակամության մասին։
Սակայն հաշվի առնելով ՔՊ-ականների հիվանդագին քինախնդրությունը, այս լավատեսական սցենարն իրատեսական չէ։ Եվ հավանական է, որ ՔՊ-ականները ոչ միայն չեն հանդիպի բարձրաստիճան հոգևորականներին, այլև չեն էլ մասնակցի Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններին, հավելյալ լարվածություն հաղորդելով իրավիճակին։ ՔՊ-ականները կհիշեցնեն, որ եկեղեցու ղեկավարները ռուսական գործակալներ են, մասնակցում են Սրբազան պայքարին, գործում պետության դեմ։ Իսկ հոգևորականները Նիկոլ Փաշինյանին կմեղադրեն ժողովրդի, մշակույթի, պատմության դեմ հարձակումների մեջ ու իրենց հերթին կլարեն իրավիճակը։ Այս մասին ակնարկներ հնչեցին սեպտեմբերի 17-ին հոգևորականների հրավիրած ասուլիսի ժամանակ։
Պարզ ասած՝ այս երկու ուղղություններով առաջիկայում թեժացնելու են աշունը։ Այն առաջին հերթին ձեռնտու է իշխանությանը, որը կարող է ստեղծել պատկեր, թե Մոսկվան, իբր՝ ուզում է ՀՀ-ում իշխանություն փոխել։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հավելյալ աջակցություն կստանա միջազգային հանրությունից, միաժամանակ՝ հետաձգելով նույն գործընկերների հանդեպ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։
Այս լարվածության մեջ կա նաև դրական առաջընթացի պոտենցիալ։ Հանրությունը, ընդդիմադիր ուժերը, եկեղեցին և ՀՀ իշխանությունները ակտիվանալու են, ակտիվ բանավեճեր են ծավալվելու։ Եվ չի բացառվում, որ հանրային ակտիվությունը խառնի ՔՊ-ի պլաններն ու ասպարեզ հանի ողջամիտ քաղաքական միավորների, որոնք կկազմակերպվեն ու հաջողության կհասնեն գալիք ընտրություններում, կփոխեն իշխանության որակն ու դրական փոփոխությունների իրական հիմքեր կստեղծեն։
Թաթուլ Մկրտչյան