Խաբեցին, կեցության հարցը չլուծեցին. ՊՆ նախկին շենքի բնակիչները դեռ անօթևան են
copy image url

Խաբեցին, կեցության հարցը չլուծեցին. ՊՆ նախկին շենքի բնակիչները դեռ անօթևան են

Ներքին 7 ամիս առաջ - 16:35 17-09-2024
Պաշտպանության նախարարության՝ Արագածոտնի մարզի Պռոշյան համայնքում գտնվող նախկին շենքից վտարված բնակիչների խնդիրը փաստացի դեռ լուծում չի ստացել։

Oragir.News-ն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կապ հաստատեց ՊՆ շենքի նախկին բնակիչներից մեկի հետ, պարզելու՝ դեպքից մեկ տարի անց որտե՞ղ են կացարան գտել և ի՞նչ օգնություն են ստացել ԱՍՀ նախարարությունից։

«Մեզ կացարան չի տրամադրվել։ Տեղափոխվել ենք ուրիշ բնակարան։ Վարձը տալիս, մնում ենք։ Հիմա, որ տները ավելի մատչելի են, այնտեղ ենք բնակվում։ Մի քանի ամիսը մեկ օգնություն տալիս են։ Սնունդ, հիգիենայի պարագաներ կամ հագուստ են բաժանում, բայց ոչ ամեն ամիս։ Տան վարձը ինքներս ենք տալիս»,-ասաց բնակիչներից մեկը։

Oragir.News-ն ավելի վաղ զրուցել էր շենքի բնակիչներից Անուշիկ Ավետիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ընտանիքը ապաստանել է հանրակացարանային փոքրիկ սենյակում։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ էր իրականացնում Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։

Նախարարությունը նաև քննարկում էր իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։
«Տեղեկացնում ենք նաև, որ ԱՍՀ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն ևս։

Այսպիսով, հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Ստացվում է, որ Սոցապ նախարարությունը խոստացավ ՊՆ նախկին շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման հարցը լուծել և քննարկում էր նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ քաղաքացիների կեցության ապահովման նպատակով, սակայն, փաստացի՝ բնակիչներն այսօր օթևանի հարցի լուծում են գտել սեփական միջոցներով և նախարարությունից չեն ստացել կեցության ապահովման և ոչ մի փոխհատուցում։