Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող էլեկտրոնային մատյանների լրացման կարգի փոփոխությունները մեծ դժգոհություններ են առաջացրել ուսուցիչների շրջանում։
Սովորաբար էլեկտրոնային մատյանում լրացվում են օրվա դասանյութը, տնային աշխատանքներն ու աշակերտների գնահատականները։ Նոր փոփոխություններով պետք է ներբեռնել թեմատիկ պլանները առանձին 4-5 վերնագրերով, օրինակ՝ թեման, նպատակը, վերջնարդյունքը։
Oragir.News-ի հետ զրույցում «Շահամիր Շահամիրյան» կրթահամալիրի ուսուցիչ Մասիս Շահինյանը, էլեկտրոնային մատյանի լրացման կարգի նոր փոփոխությունները որակեց որպես խայտառակություն։ Նրա խոսքով՝ ամեն տարի մի նորամածություն մտցնելով՝ ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում։
«Երեկ ուզեցի բացեմ և էլեկտրոնային մատյանը լրացնեմ, ժամը 8-ից նստել եմ մինչև 12-ը ուղղակի ներվային քայքայված վիճակով, լարված, մի կերպ, մինչև այդ բոլոր կարգերը չանցնես, նրա տեղը ոչինչ չի լրանում, դասի թեմա չի երևում։ Գործնականում սա անհնար բան է։ Այս օրենքը ներմուծողները, որոշումը կայացնողները չեն հասկացել, որ գործնականում ժամանակի մեջ չի տեղավորվում։
Ասենք, ոնց որ հիմա ինձնից պահանջեք 10 րոպեում 70 էջանոց գիտական հոդված գրել, ես 10 րոպեում դա չեմ կարող գրել, 3 ժամում էլ չեմ կարող։
Շատ ուսուցիչներ են դժգոհում, ուղղակի կեսն ամաչում է կեսն էլ զզվել է արդեն։ Շատերն արձագանքել են, որ իմացեք՝ 98 տոկոսը ձեզ հետ է։
Մենք ասում ենք բոյկոտելու, այնքան չենք լրացնելու այդ մատյանը, մինչև հին կարգին չվերադառնան, և ամեն ինչ չպարզեցվի, որովհետև այս որոշումը բացարձակ անիմաստ, հակաօրինական է»,- ասաց նա։
Շահինյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե աշխատանքը չկատարելու մեջ է, այլ նրա, որ մարդն ի վիճակի չէ կարծ ժամանակում կատարելու այդ աշխատանքը։
«Սա միայն իմ խնդիրը չի, միայն ես չեմ ասում, որ չեմ լրացնի՝ սա 60 հազար ուսուցչի ցավոտ կողմն է։ Այսինքն՝ 60 հազար ուսուցչի ցավոտ կողմն իրենց համար որոշելիք է, որ մի օրում դնում որոշում եմ։
Ինչքան բան ուզում ես, գրիր, լսող չկա։ Մի բան էլ։ Երբ դիմում ես, իրենք օրենքին հղում են անում՝ ըստ այսինչ օրենքի, այսինչ թվի որոշմամբ, այսինչ հրամանով, այսպես, ուրիշ բան չկա։ Այդ հիմնավորումը չեն կարող տալ ու չեն էլ տա։ Սա է խնդիրը»,- ասաց նա։
Ըստ Շահինյանի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսի մասին իրեն ծանուցում է եկել մամուլի ասուլիսի անցկացումից մի քանի օր հետո։
«Իրենք գիտեն՝ ինչ անեն։ Մի մասին ուշ են տեղեկացնում, մի մասին չի հասնում, մի մասին հնարավորություն չեն տալիս։ Անիմաստ աշխատանքն են պահանջում, որը կրթության հետ ընդանրապես կապ չունի։ Սա նման է, որ վարորդն ամեն կանգառ գնալուց իջնի տեղեկանք գրի, որ ինքն այս կանգառն անցավ, 6 անգամ կարմիր լույսի տակով անցավ, 10 հատ գազել անցավ կողքով ու հետո շարունակի ճանապարհը։
Վերջերս տեղեկացա, որ ուզում են պարտադրել նաև դասապլան գրել, այսինքն՝ ուսուցիչը եթե նշում է, թե նշված դասին ինչպես առաջնորդվի դասապլանով, դա ուսուցչի աշխատանքն է, նորմալ պահանջը, ուսուցիչն իր վրա աշխատում է 10-20 րոպե։ Բայց դա գրելը, ձևակերպելը, լրացնելը, էլեկտրոնային տպելը 2-3 ժամի խնդիր է»,- եզրափակեց նա։