ԱԳՆ-ն է ստիպում, որ մարդիկ դեսպանատներին խաբեն. ինչու՞ են փակվում Եվրոպայի դռները
copy image url

ԱԳՆ-ն է ստիպում, որ մարդիկ դեսպանատներին խաբեն. ինչու՞ են փակվում Եվրոպայի դռները

Ներքին 7 ամիս առաջ - 15:33 27-08-2024
Արտաքին գործերի նախարարությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար՝ ի պատասխան վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից ստացված դիմումների։ Քաղաքացիները բողոքում են, որ ՀՀ-ում գործող եվրոպական երկրների դեսպանատներից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև խնդիրը քննարկելով համապատասխան երկրների իրավասու մարմինների հետ՝ պարզել են հետևյալ հանգամանքները:

Քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ՝ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է։

Պայմանական օրինակ. Շենգենյան վիզա ստանալու դիմում-հարցաթերթիկում նշվել է 10 օրով Բուլղարիա մեկնելու նպատակ՝ ներկայացնելով ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ անձը պատրաստվում է Բուլղարիայում գտնվել 3 օր, ապա 7 օրով մեկնել Իտալիա կամ Շենգենյան գոտու այլ երկիր։

Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Ստացվում է, որ ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացու դիմաց փակում է նույնիսկ այլընտրանք ճանապարհների դռները և իր երկրի քաղաքացու շահերը պաշտպանելու, իր երկրի քաղաքացուն աջակցելու փոխարեն՝ պաշտպանում է Բուլղարիայի շահերը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Alina Any Wish Tour տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, «Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիայի» նախագահ Ալինա Պետրոսյանի հետ։

«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ պատերազմից հետո կտրուկ նվազեցին բոլոր դեպանատներում ժամադրության օրերը։ Շատերը դա կապում են քովիդի հետ, բայց ես ավելի շատ կապում եմ պատերազմի հետ։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ պատերազմից հետո արտագաղթը բավականին մեծանում է։ Դրանից հետո դեսպանատներում կտրուկ նվազեց դիմումների ընդունմումը, հերթագրումը։ Բոլոր հնարավոր տարբերակներով դեսպանատներում վիզա ստանալու համար ժամադրության օր վերցնելը խնդիր է։ Եվ ի վերջո՝ այդ խնդիրներից ելնելով, բնականաբար, մարդիկ փնտրում են այլընտրանքային ճանապարհներ։ Այդ ճանապարհներից մեկն այն է, որ գտնեն այնպիսի դեսպանատուն, որտեղ կկարողանան օր վերցնել։ Արհեստականորեն իրենք ստիպում են, որ մարդիկ զարտուղի ճանապարհներ գտնեն, դեսպանատներին խաբեն և հետո մեղավոր դուրս գան։ Բայց չէ՞, որ այս ամենը սկսվել է այն պահից, երբ բարդացել է դեսպանատներում ժամադրություն վերցնելու պրոցեսը»,- ասաց Ալինա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ եթե չլիներ դեսպանատներում ժամադրության օր վերցնելու խնդիր, ապա խաբելու անհրաժեշտություն առհասարակ չէր առաջանա․

«Այսօր օրինակ՝ Իտալիայի դեսպանատան վիզա կենտրոն օր վերցնելը ֆանտաստիկայի ժանրից է։ Ժամադրությունը դարձել է մաքուր բիզնես, ինչը ամեն ինչին խանագարում է։ Ցավն այն է, որ այս ամենի մեջ Արտաքին գործերի նախարարությունը մեղադրում է տուրիստներին։ Իմ կարծիքով՝ սա ԱԳՆ-ի տապալած դիվանագիտական աշխատանքի արդյունքն է։ Մենք արդեն երկու տարի է բարձրաձայնում ենք այս խնդիրը, սակայն չունենք ոչ մի պարզաբանում, բարեկարգում, փոխարենն ունենք այսօր մեղադրանքներ։ Հիմա քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն, ԱԳՆ-ն արդարացնում է այդ պահվածքը իր քաղաքացիների նկատմամբ։ Ի վերջո՝ Բուլղարիան դարձավ շենգեն գոտի և սկսեց մեծ իրարանցում»,- նկատեց նա։

Մասնագետի կարծիքով՝ խնդրի միակ լուծումը կլինի այն, երբ Արտաքին գործերի նախարարությունը լուծի դեսպանատներում ժամադրության օրերի հարցը։

«ԱԳՆ-ն պետք է աշխատի բոլոր դեսպանատների հետ, փորձի կարգավորել ժամադրությունների հարցը, որ դրանք հասանելի լինեն մարդկանց։ Բացառված է, որ այդքան դեսպանատներում բացարձակ տեղեր չլինեն։ Երբ լուծվի այս խնդիրը, մարդիկ խաբելու իմաստ չեն տեսնի։ Կդիմեն այն դեսպանատուն՝ ուր ուզում են մեկնել»,- եզրափակեց մասնագետը։

Ամենից շատ դիտված