Նախքան 2018-ի իշխանափոխությունը՝ երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ խստորեն քննադատում ու անարգանքի սյունին էր գամում Հայաստանի նախկին իշխանություններին՝ պնդելով, որ վերջիններս թալանում են ՀՀ պետբյուջեն, վատնում հարկատուների վճարած գումարները և այլն։ Փաշինյանն ու իր թիմակիցները հաճախ էին դժգոհում նախկին իշխանությունների օրոք կատարված ամենատարբեր գնումներից, նշում, որ այդ գումարները կարելի է ավելի նպատակային ծախսել և այլն։
Չնայած այս ամենին, իշխանափոխությունից հետո, երբ թվում էր, թե հանրային դժգոհության մեծ ալիքի վրա իշխանության եկած քաղաքական ուժը պետք է հավատարիմ մնար իր խոստումներին, պետական միջոցները նպատակային ծախսեր, կրճատեր տարբեր գերատեսչությունների կողմից կատարվող ավելորդ ծախսերը, իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը․ տնտեսական հեղափոխություն խոստացող կառավարությունը ոչ միայն չիրագործեց այդ հեղափոխությունը, այլև աչքի ընկավ բազմաթիվ ճոխ ու սկանդալային գնումներով, որոնք առաջացրեցին հանրության լայն շերտերի դժգոհությունը։
Գործող կառավարության կողմից պետական միջոցների վատնման լավագույն վկայությունն այն իրողությունն է, որ նախորդ 6 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվել է՝ 2018-ի 6․7 մլրդ դոլարից հասնելով 12․1 մլրդ դոլարի։ Ի դեպ՝ նշենք՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին խստորեն քննադատում էր, երբ վերջիններս ցանկանում էին մեծացնել արտաքին պատքի ծավալները՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում նման քայլն անթույլատրելի է։
Oragir.News-ն այսօրվանից սկսում է «
Հարկատուների գումարներով» անունը կրող հրապարակումների շարքը, որի շրջանակներում ներկայացնելու ենք, թե ինչպես են պետական գերատեսչությունները վատնում հարկատուների վճարած գումարները, շռայլ, բայց միևնույն ժամանակ անտեղի ծախսեր կատարում՝ այն դեպքում, երբ նույն գումարները հնարավոր էր ավելի արդյունավետ ծախսել։
Հայտնի է, որ հուլիսի 26-27-ը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, տեղի ունեցավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը։ Փառատոնի շրջանակներում, որը կազմակերպվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության կողմից, կայացավ նաև Թաթայի մենահամերգը, որին մասնակցում էին ինչպես տեղացիները, այնպես էլ քաղաքի հյուրերը։
Գյումրիում կայացած փառատոնը, ինչպես նաև Թաթայի մենահամերգը առաջացրել էր հազարավոր քաղաքացիների դժգոհությունն ու զայրույթը, ովքեր նշում էին, որ Հայաստանում ստեղծված անվտանգային մարտահրավերների ֆոնին, երբ անգամ Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարությունն է խոստովանում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, նման ծախսեր կատարելը մեծ շռայլություն է, իսկ այդ միջոցները պետք է ուղղվեն երկրի պաշտպանունակության բարձրացմանը։
Խրախճանք՝ ժանտախտի ժամանակ, այսպես կարելի է մեկնաբանել Գյումրիում անցկացված փառատոնը, որի համար, վատվել են հարկատուների վճարած գումարները։
Oragir.News-ը պարզել է, որ Հանրային հեռուստաընկերությունը հարկատուների վճարած գումարներից 44․328․480 դրամ հատկացրել է՝ միայն փառատոնի տեխնիկայի վարձակալության և սպասարկման ծառայության համար։ Ծառայությունների մատուցման մրցույթում հաղթող է ճանաչվել «Սթեյջ Դիզայն» ՍՊԸ-ն, որի տնօրենը Բագրատ Դիվանյանն է։


Նկատենք, որ Բագրատ Դիվանյանը ոչ միայն «Սթեյջ Դիզայն» ՍՊԸ-ի հիմադիրն է, այլև Jellyfish Yerevan ժամանցի կենտրոնի գործադիր տնօրենը, որն, ըստ մամուլում առկա հրապարակումների, պատկանում է ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։
Մամուլն այդ օրերին գրել էր նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը «Ֆեստիվառի» նախագիծն իրականացնելու համար 180 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։
Հավելենք, որ «Ֆեստիվառ» փառատոնը և դրա շրջանակներում հարկատուների վճարած գումարների վատնման պրակտիկան այսուհետև կդառնա ամենամյա․ Գյումրիից հետո փառատոնն տարի այն կհյուրընկալեն Իջևանը և Եղեգնաձորը, որտեղ նույնպես խոշոր համերգներ ու շոու-ծրագրեր են սպասվում։