Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները և Պորտուգալիան կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, «խորը մտահոգություն են հայտնել նախագահական ընտրություններից հետո Վենեսուելայում տիրող իրավիճակի կապակցությամբ» և կոչ են արել հարավամերիկյան այս երկրի կառավարությանը հրապարակել ընտրացուցակները, քանի որ բնակչության մի մասը ակնհայտ անհամաձայնություն է հայտնում և չի ճանաչում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը։ «Մենք կոչ ենք անում Վենեսուելայի իշխանություններին անհապաղ հրապարակել բոլոր արձանագրությունները՝ երաշխավորելու ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունն ու ամբողջականությունը»,- ասվում է 7 երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է նաև Գերմանիայի կառավարության կայքում։ Գրում է
DW-ն։
Փաստաթղթում նշվում են Վենեսուելայի ընդդիմության տվյալները, որոնք վկայում են, որ հավաքել և հրապարակել են երկրի ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 80 տոկոսը: «Այս ստուգումն անհրաժեշտ է Վենեսուելայի ժողովրդի կամքը ճանաչելու համար»,- ասում են եվրոպացի առաջնորդները Մադուրոյին ուղղված իրենց կոչում։
Հայտարարությունը նաև դատապարտում է վենեսուելացիների «ցանկացած ձերբակալությունները», ժողովրդական կամքն արտահայտելու դեմ բռնությունները և կոչ անում հարգել «խաղաղ բողոքի և հավաքների ազատության» իրավունքը։
Վենեսուելայի նախագահական ընտրություններից հետո իշխանությունները կոշտ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ։ Բողոքի ակցիաների ժամանակ 2 հազար մարդ է բերման ենթարկվել։ Մադուրոն նախօրեին՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ, խոստացել է ձերբակալվածներին ուղարկել խիստ ռեժիմի բանտեր։ «Այս անգամ ողորմություն չի լինի»,- սպառնացել է Մադուրոն։