Վրաստանում խորացող ներքաղաքական ճգնաժամի և հոկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին նախօրեին հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ տևական ժամանակ մահափորձ է նախապատրաստվել, որը սակայն կանխվել է։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մի քանի օր է, ինչ մեկնարկել են այս գործով անցնող կասկածյալների հարցաքննությունները, որոնց մեծ մասը եղել են Ուկրաինայում կռվող վարձկաններ։
Կասկածյալներից մեկի հանրային պաշտպան Միխեիլ Ռամիշվիլին հայտարարել է, որ Իվանիշվիլիի նկատմամբ ահաբեկչություն էր ծրագրվել՝ իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ գործի նյութերում նշվում է պայթյունի փորձի և այլ ահաբեկչական գործողությունների մասին։
Վրացական Mtavari Arkhi հեռուստաընկերությունն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է անցկացնում Ուկրաինայից վերադարձած մի շարք վարձկանների շրջանում։
Նշենք, որ Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն հարևան երկրի քաղաքական կյանքում։ Այս ընտրություններում գործող իշխանության հաղթանակի դեպքում Թբիլիսին առնվազն կպահպանվի ներկայիս կուրսը, որը գնահատվում է արևմտյան արժեքներից ու եվրաատլանտյան ինտեգրման գործընթացներից շեղում, իսկ ընդդիմության հաղթանակի դեպքում, ըստ մինչ այժմ նրանց կողմից հնչած բազմաթիվ հայտարարությունների, երկիրը կվերադառնա արևմտյան ուղի։
Վրաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այս տարվա մայիսին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի ընդունումից հետո։ Չնայած այս օրենքը արժանացել էր Վրաստանի բնակչության մի մասի և երկրի արևմտյան գործընկերների խիստ քննադատությանը, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր կիրառել դրա նկատմամբ, այնուամենայնիվ իշխող քաղաքական ուժը անդրդվելի մնաց և օրենքն ուժի մեջ թողեց՝ շրջանցելով նախագահի վետոն։
Այս իրավիճակում ընդդիմությունը ձգտում է միավորվել և առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել, որի անհրաժեշտության մասին խոսել էր նաև դեռևս 2021-ի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Վերջինս իր կուրսակիցներին հորդորել էր իշխանության դեմ մեկ միասնական ճակատ կազմել և իրենց քվոտաների կեսը հատկացնել փոքր կուսակցություններին, որպեսզի ընդդիմության հաջողելու շանսերն ավելի մեծ լինեն։
Վրաստանի ընդդիմությունը իշխանափոխության հասնելու հարցում վայելում է երկրի արևմտյան գործընկերների աջակցությունը, որոնք նույնպես խստորեն քննադատում են ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը։ Շաբաթներ առաջ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հաստատակամորեն մտադրվել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով
Վրաստանում իշխանափոխության հասնել, և Վաշինգտոնի վարչակազմը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկաբեկման արշավ է մշակել։
Այսպիսով՝ դժվար է ասել Իվանիշվիլիի դեմ ենթադրյալ մահափորձի վերաբերյալ պնդումները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ, դրանք բլե՞ֆ են, թե իրական սպառնալիք, քանի որ շատ հնարավոր է, որ դրանք տարածվում են հանրության շրջանում իշխող կուսակցության վարկանիշը բարձրացնելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա շուրջ կոնսոլիդացիա ապահովելու նպատակով, գուցեև ճիշտ հակառակը։
Մի բան ակնհայտ է, որ Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն ոչ միայն հարևան երկրի ներքաղաքական կյանքում, այլև այնտեղ իրենց շահերը հետապնդող արտաքին քաղաքական դերակատարների հաշվարկներում, ուստի բոլոր կողմերն այս ընտրությունները դիտարկում են շատ լավ հնարավորություն՝ սեփական օրակարգերը սպասարկելու համար։
Հավելենք նաև, որ Վրաստանում կեղծ մահափորձեր բեմադրելու պրակտիկան ժամանակին բավականին տարածված է եղել՝ մասնավորապես երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի պաշտոնավարման շրջանում։ Երբ հանրության շրջանում վերջինիս վարկանիշը ընկնում էր, Շևարդնաձեն փորձում էր նման ճանապարհով այն բարձրացնել և իր շուրջը կոնսոլիդացիա ապահովել, ուստի դժվար է ասել, թե ներկայումս Վրաստանում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին Իվանիշվիլիի գլխավորած քաղաքական ուժը որ ճանապարհով է որոշել շարժվել։
Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանում իշխանության է եկել 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, վերընտրվել 2016-ին և 2020-ին։ Եթե առաջիկա ընտրություններում «Վրացական երազանք»-ը կրկին հաջողության հասնի, ապա կպահպանի իր իշխանությունը մինչև 2028 թվականը։
Դավիթ Գույումջյան