Այսօր
Oragir.News-ի խմբագրությունն ահազանգ է ստացել Ալավերդի քաղաքի բնակչից այն մասին, որ տեղի անձնագրային բաժանմունքում բարձիթողի վիճակ է։
Քաղաքացու բնորոշմամբ՝ ընդամենը 2 աշխատակից կա, որոնք մինչև մեկի գործը ավարտում են, մյուսների գործերը նայելու «հավես չեն ունենում»։
«Գրեթե 5 տարի է՝ ապրում եմ Երևանում։ Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելուց հետո գրքույկով մոտեցել եմ անձնագրային բաժին, որտեղ հին անձնագիրս են ուզել նորը տրամադրելու համար։ Հիմա ստիպված եմ գնալ Երևան, որ բերեմ հին անձնագիրս, իսկ իրենք էլ, ըստ իրենց ասածի, 5 աշխատանքային օրվա ընթացքում տալու են նորը։ Անգամ ասացին, որ եթե արագ է պետք, 10 հազար դրամ էլ պիտի վճարենք»։
Մեզ ահազանգած քաղաքացին վրդովված էր նաև նրանից, որ ի տարբերություն այլ տարածքների բնակիչների, որոնք երկար հերթեր չկանգնելու համար հաճախ ստիպված են լինում այլ քաղաքների անձնագրային բաժանմունքներից ստանալու իրենց անձնագիրը, իրեն աշխատակիցները քանիցս ասել են՝ Ալավերդիից բացի այլ տեղ չի լինի, և ինքն էլ ստիպված է սպասել։
«Զարմացա անգամ, երբ Ալավերդիում հետ հերթի մեջ կանգնած տեսա Երևանից եկած մարդկանց։ Երկու աշխատակից կա, ու միշտ հերթ է, երբ էլ գնաս։ Այլ կողմից խնդիր է, որ լիքը մարդիկ կան, որոնց անձնական իրերն ու փաստաթղթերը գետը քշել-տարել է ջրհեղեղի ժամանակ։ Գուցե հերթերի պատճառը նաև դա է»,- ասաց բնակիչը: