Իսրայելական բանակային ռադիոն շաբաթ տեղեկացրել է, որ իր զինվորականները հարվածել են Խան Յունիս քաղաքին Գազայի հատվածում, ինչի հետեւանքով, անկլավի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է առնվազն 20 պաղեստինցի։
Բանակային ռադիոյի տեղեկացմամբ՝ հարվածի թիրախը ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից Մոհամեդ Դեյֆն էր, բայց հայտնի չէ, թե արդյոք նա զոհվել է։
Իսրայելական բանակում հայտնել են, որ ուսումնասիրում են այս հաղորդագրությունը։
Գազայի առողջապահության նախարարության հայտարարությունում նշվել է, որ Խան Յունիսի Նասեր հիվանդանոց են բերվել 20 դի եւ 90 վիրավոր։ Զոհերի վերջական թիվ, որոնք կարող էին տեղափոխված լինել այլ բուժհաստատություններ, չի նշվում։
ՀԱՄԱՍ խմբավորման մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ զոհվել եւ վիրավորվել է 100 մարդուց ոչ պակաս, այդ թվում Քաղաքացիական շտապօգնության ծառայության աշխատակիցներ։
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը չի հաստատել, թե արդյոք այնտեղ եղել է Դեյֆը։
«Իսրայելական մեղադրանքները անհեթեթություն են, եւ դրանք ուղղված են այն բանին, որ արդարացնեն ահավոր կոտորածը։ Բոլոր զոհվածները քաղաքացիական անձինք են, իսկ կատարվածը՝ ցեղասպանային պատերազմի լուրջ թեժացում, որը հենվում է ամերիկյան աջակցության եւ համաշխարհային լռության վրա»,- ասել է Աբու Զուհրին Reuters գործակալությանը։