ՀՀԿ «տասովշիկը» դարձավ Նիկոլինը,ապա ռեկտոր, ապա սկսեց ապօրինությունների շարք․ Գորիսի համալսարանի մասին
copy image url

ՀՀԿ «տասովշիկը» դարձավ Նիկոլինը,ապա ռեկտոր, ապա սկսեց ապօրինությունների շարք․ Գորիսի համալսարանի մասին

Ներքին 9 ամիս առաջ - 13:30 10-07-2024
Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու շուրջ թեժ կրքեր են ծավալվել: Խոսքը՝ մասնավորապես վերաբերում է համալսարանի ռեկտորի պաշտոնում իշխանական թեկնածուին հաղթանակ «պարգևելուն»:

Ըստ Oragir.News-ի աղբյուրների՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին պարբերաբար ասվել է, որ դիմում գրի, և նա մրցույթի օրը ստիպողաբար ինքնաբացարկ է հայտարարել:

Տեղեկությունը ճշտելու համար Oragir.News-ը կապ հաստատեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Թեհմինա Մարությանի հետ, ով մեզ հետ զրույցում ոչ միայն հաստատեց տեղեկությունը, այլ նաև ներկայացրեց այլ մանրամասներ:

«Ես իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել, բայց բնականաբար որոշակի նախադրյալների արդյունքում, որովհետև ստիպված եմ եղել, այսպես ասած՝ հարկադրված եմ եղել ուղղակի դուրս գալ, ելնելով տիրող իրավիճակից, բարոյահոգեբանական ճնշումներից և այն բոլոր պայմաններից, որոնք իմ առջև դրվել են: Պարբերաբար ինձ ասել են, որ ես դիմում գրեմ, որ այլ մարդ ունեն այդ պաշտոնի համար: Անընդհատ իմ առջև դրվել են խիստ ռեժիմով աշխատելու պայմաններ»,- ասաց նա։

Ըստ Մարությանի՝ ինքը եղել է գիտական քարտուղար, իսկ մինչ այդ՝ պրոռեկտոր: Մինչ ռեկտորի ընտրությունը կատարել է ռեկտորի պարտականությունները.

«Երբ որ ռեկտոր ընտրվեց Տիգրան Վանդունցը, ինձ վրա դրված էր նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Դիմել էի մրցույթին, բայց ընտրության օրը ինչ-ինչ իրավիճակներից ելնելով, այսինքն՝ էլի ստիպողաբար ինքնաբացարկ եմ հայտարարել, որից հետո ռեկտոր է ընտրվել հենց Տիգրան Վանդունցը՝ իշխանության թեկնածուն, ի դեպ»,- նշեց նա, հավելելով, որ այս ամենը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով։

«Դա ինքնին հասկանալի էր և իմ առջև նաև դրվել էր այդ պահանջը։ Ես եղել եմ պրոռեկտոր 2019թ.-ից։ Երբ ընտրվեց նոր ռեկտորը, իմ առջև դրվեց պրոռեկտորի պաշտոնը թողնելու պահանջ, պատճառաբանելով, որ ինքն ունի վստահելի անձինք, պետք է իր գրասենյակը ձևավորի և չի ուզում ինձ հետ աշխատել որպես պրոռեկտորի: Բնականաբար, ես փորձեցի դիմադրել, բայց անիմաստ էր, որովհետև բավականին լուրջ ճնշումներ եղան կապված իմ առջև դրված պահանջների հետ, արձակուրդային չտալու հետ և այլն։ Եվ այդ ստեղծված իրավիճակում ինձ առաջարկվեց տեղափոխվել գիտական քարտուղարի պաշտոնին՝ հեռանկարային խոստումներով, որ աշխատավարձի վերանայում կարվի և ավելի ճիշտ կլինի, որովհետև իմ ուժերը այնտեղ են պետք և այլն։ Եվ ես, ելնելով որոշ այդպիսի իրավիճակից, էլի ճնշումներով դիմում եմ գրել և տեղափոխվել եմ գիտական քարտուղարի հաստիքին, հենց իր ընտրվելուց ընդամենը մեկ ամիս անց, որից հետո ես աշխատել եմ մինչև հուլիսի 1-ը։ Այդ ամբողջ ընթացքում բնականաբար ես միշտ էլ եղել եմ իր համար, ինչպես ինքն է ասում՝ անվստահելի, և միշտ էլ եղել է այն մթնոլորտը, որ ես հասկացել եմ՝ դուրս եմ գալու»,- պատմեց Մարությանը:

Վերջինս, ի տարբերությունը ընտրված ռեկտորի, երբևէ կուսակցական չի եղել և բացարձակ չի առնչվել քաղաքականության հետ.

«Ինքն ամբողջ կյանքը եղել է այդ կուսակցական բաների մեջ։ Ինքը եղել ա նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ Հիմա որևէ կուսակցության անդամ չի, բայց, որ իշխող իշխանության ու իշխող կուսակցության շահերն է պահում, դա հստակ է: Ինձ հենց այդ օրը հորդորել են ինքաբացարկ տալ, որովհետև իրենց թեկնածուն համարվել է այդ տղան:

Նախկին ռեկտոր Ղուկասյանի օրոք իրենք խնդիրներ են ունեցել, և որոշ անհամաձայնություններ մի քանի տարի շարունակ բավականին ակտիվ պայքար է մղել և՛ գործող ռեկտորի դեմ, և՛ գործող ղեկավար կազմի դեմ։ Այսինքն՝ այդ խնդիրները շատ ավելի վաղ են սկսվել, և հանձինս ինձ՝ նա նախկին ռեկտորի կադրի էր տեսնում և նաև մրցակցի։

Նա իր բոլոր լիազորությունների սահմաններն անցել է, բոլոր կարմիր գծերը հատել է, հասկանալով, որ ինքը որպես համալսարանի ռեկտոր, պաշտոնատար անձ, իրավասու չէ որևէ մեկին ստիպել դիմում գրել կամ տեղափոխվել այլ աշխատանքի»,- մանրամասնեց նա։

Մարությանի պնդմամբ՝ ռեկտորի իշխանական թեկնածուի կողմից նման վերաբերմունքի արժանանում էին նաև այլ աշխատակիցներ: Նրա խոսքով՝այդպիսի վերաբերմունքի է արժանացել նաև դեկանի պաշտոնակատարը, ով նույնպես ստիպված դիմում է գրել և հեռացել։

«Ես հարցրել եմ՝ կա իմ աշխատանքում որևէ բան, որ ես չեմ կատարում, ինձ պատասխանել է, որ ոչ։

Ասել է, որ «պարզապես ես քեզ հետ չեմ ուզում աշխատել, ես գտել եմ մարդ և պետք է այն մարդու հետ աշխատեմ ում հետ ինքս ուզում»,-եզրափակեց Մարությանը:

Ստացվում է՝ ինքն իրեն ամենաժողովրդավար, ամենաարդար իշխանություն որակած մարդիկ, հաշվի չառնելով որևէ հանգամանք, ստիպում են աշխաըտողներին հեռանալ իրենց պաշտոններից միայն մեկ պատճառով՝ նրանք չեն պահում իշխանության շահերը։

Փաստացի՝ աշխատանք ու պաշտոն ունենալու համար ներկայումս մեր իրականության մեջ կարևոր չեն գիտելիքը, փորձը և սրտացավ աշխատանքը: Անհրաժեշտ է լինել միայն իշխանության «սիրելին» և քո դիմաց փակ դռներ չեն լինի։

Ամենից շատ դիտված