Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին հարևան երկրում գործող Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (CSR) խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ բնակչության շրջանում հերթական հարցումն է անցկացրել։
Հետազոտության մասնակիցներին ուղղվել է հետևյալ հարցը․ «Դուք աջակցո՞ւմ եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը», ինչին հարցվածների 83.8%-ը դրական է պատասխանել։ Հարցվածների 13.5%-ը նշել է, որ դեմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ 2.7%-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի վերաբերյալ։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն բանին, որ հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ադրբեջանական հասարակությունը աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ըստ հրապարակման՝ այս թեմայով նախորդ հարցումների արդյունքները նույնպես վկայում են այն մասին, որ հասարակության մեջ կա խաղաղության համաձայնագրի ստորագրման դրական միտում:
Նշվում է, որ հարցումներն անցկացվել են 2024 թվականի հունիսի 10-ից հունիսի 22-ը՝ Ադրբեջանի 12 շրջաններում՝ բացառությամբ Նախիջևանի և օկուպացված Արցախի Հանրապետության տարածքի մի մասի՝ «Արևելյան Զանգեզուր»-ի շրջանի (ներառում է Արցախի Քարվաճառի, Քաշաթաղի և Ջրականի շրջանների տարածքը)։ Հարցմանը մասնակցել է 1152 քաղաքացի՝ անանունության սկզբունքով, իսկ հետազոտության սխալի հավանականությունը կազմում 3 տոկոս։
Հատկանշական է, որ չնայած Ադրբեջանի բնակչության շրջանում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առկա դրական տրամադրություններին, հետազոտության շրջանակներում չի հստակեցվում, թե ադրբեջանցիներն ի՞նչ սահմաններում են պատրաստ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, կո՞ղմ են, որ ադրբեջանական զինուժը դուրս բերվի մեր Հայաստանի օկուպացված տարածքներից, թե՞ ոչ։ Դեռևս 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանում նույն ընկերության կողմից անցկացված հարցումներով
հարցվածների մեծամասնությունն առհասարակ չէր ճանաչել ՀՀ տարածքը, մինչդեռ այս հանգամ նմանաբովանդակ հարցեր չէր ուղղվել․
2022-ին հարցմանը մասնակցած քաղաքացիների ամենամեծ խումբը՝ շուրջ 41.3%-ը, նշել էր, որ առհասարակ չի ճանաչում Հայաստան պետության տարածքը։ Հարցված ադրբեջանցիների երկրորդ ամենամեծ խումբը՝ շուրջ 22.6%-ը նշել էր, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքը այն սահմաններով, որոնք 1918-1920 թվականներին գոյություն են ունեցել Հայաստանի առաջին հանրապետության և Ադրբեջանի դեմոկրատական հանրեպետությունների միջև։ Սա նույնպես Հայաստանին ուղղված ակնհայտ սպառնալիք է, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանն օգտվելով Հայաստանում ստեղծված ներքին անկայուն իրավիճակից՝ բռնակցել ներկայիս Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ամբողջ տարածքը և Գեղարքունիքի մարզի մի մասը՝ Սևանա լճի արևմտյան ափը։
Նախորդ հարցմանը մասնակցած ադրբեջանցիների 16.2%-ն ասել էր, որ Հայաստանի սահմանն անհրաժեշտ է ճանաչել խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով։ Բացի այդ, ադրբեջանցիների 11.5%-ը էլ նշել էր, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքը պետք է ճանաչի այն սահմաններով, որոնք ստեղծվել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևաքով՝ այսինքն Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսի 12-ին, նոյեմբերի 16-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին իրականացված սադրանքի արդյունքում վերջինիս օկուպացրած տարածքներն, ըստ հարցվածների այս խմբի, պետք է մնան Ադրբեջանի կազմում։
Այսպիսով, համադրելով հիշյալ երկու հետազոտությունների արդյունքները, գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանում թեև բնակչության որոշ շերտեր կողմ են Հայաստանի հետ խաղաղության պայամանգրի ստորագրմանը, սակայն բնակչության մեծամասնությունը սեփական իշխանությունների օրինակով հրաժարվում է ճանաչել ՀՀ-ի միջազգայինորեն ճանաչված 29․743 քառակուսի կմ տարածքը, ինչպես նաև դեմ է, որ հայկական կողմին կողմին վերադարձվեն մեր երկրից օկուպացված ավելի քան 200 քառակուսի կմ տարածքը։ Սա խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում շարունակում է գլխավոր խոչընդոտը մնալ, և ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման հետևանքով տևական ժամանակ է այն չի հաջողվում հաղթահարել։
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանում կողմ են միայն այնպիսի փաստաթղթի ստորագրման, որը թեև կկոչվի խաղաղության պայմանագիր, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանները կշարունակվեն մնալ լղոզված։ Բնականաբար նման փաստաթուղթը չի կարող տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատել, իսկ դրա ստորագրումից կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրապետությունը կբախվի ադրբեջանական հերթական ագրեսաիային, ինչի վտանգի մասին ընդունում են անգամ Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարությունում։
Դավիթ Գույումջյան