Oragir.News-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր նշում են, որ մի քանի օր է Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցը խափանումներով է գործում։ Խոսքը, մասնավորապես՝ վերաբերում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզի բնակիչ-բաժանորդներին։
Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներից մեկը հայտնեց, որ առկա են բջջային կապի հասանելիության հետ կապված դժվարություններ։ Անհնար է նույնիսկ զանգելը։
«Չենք կարողանում զանգել։ Եթե ստացվում է զանգել, չեն կարողանում խոսել՝իրար չենք լսում։ Անընդհատ ձայնը կորում է»,- ասաց նա։
Oragir.News-ը խնդրի առնչությամբ կապ հաստատեց Վիվա-ՄՏՍ-ի հասարակության հետ հարաբերությունների համակարգող Վահե Իսահակյանի հետ՝ հասկանալու համար՝ ո՞րն է բջջային կապի խափանման պատճառը, և ե՞րբ կվերացվի խնդիրը։
Վահե Իսահակյանը խնդրեց, որ պատասխանի համար գրավոր հարցում ուղարկենք։
«Նման հարցերի բանավոր չեմ կարող պատասխանել։ Գրավոր հարցում ուղարկեք»,- ասաց նա։
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Վիվա-ՄՏՍ-ին։ Պատասխանը ստանալու հետո այն կհրապարակվի։
Ստացվում է՝ ընկերության աշխատակիցը կա՛մ տեղյակ չէ նման լայնածավալ խափանումից, կա՛մ նրանց չի հետաքրքրում իրենց կողմից մատակարարված բջջային կապի որակը։ Փաստացի՝ ընկերության երբեմնի բարեխիղճ վերաբերմունքը բաժանորդների նկատմամբ այլևս անցյալում է։