Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ FLYONE ARMENIA կողմից իրականացվող Փարիզ-Երևան չվերթի ժամանակ ակատես է եղել մի միջադեպի, երբ օդանավում վճարումների համար ընդունվել են բացառապես ռուսական ՄԻՐ վճարային քարտերը։
«Լսել եմ, որ FLYONE ARMENIA-ն շատ անհաջող ավիաընկերություն է, բայց այն, ինչին ես ականատես եղա նրանց ավիաընկերության հետ իմ առաջին և, հուսով եմ, վերջին թռիչքի ժամանակ, ուղղակի աներևակայելի էր: Փարիզ-Երևան չվերթում ընդունվել են միայն ռուսական բանկային քարտեր։ Ամենևին էլ ծիծաղելի չէր տեսնել, թե ինչպես է անձնակազմը փորձում բացատրել հարավկորեացի ուղևորին, որ նա պետք է ջրի համար վճարի Միր քարտով: Սրանք այն բաներն են, որոնք խայտառակում են Հայաստանին ամբողջ աշխարհում»,- գրել էր Ներսիսյանը։
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանից, սակայն մեզ չհաջողվեց վերջինիս հետ կապ հաստատել։
Oragir.News-ի տեղեկություններով՝ այս միջադեպը կապված է ArCa համակարգի հետ, որն էլ իր հերթին տևական ժամանակ է, ինչ խնդիրներով է աշխատում։
Մասնավորապես ինքաթիռներում առկա վճարային տերմինալների տեխնիկական հագեցվածությունը թույլ չի տալիս միջազգային քարտերից offline տարբերակով վճարումներ ընդունել, և միայն ռուսական Միր քարտերն են, որոնք տվյալ իրավիճակում՝ առանց ինտերնետ հասանելիության գործում են, ու քարտպանները օդանավում դրանցով վճարումներ կատարել։
Այլ կերպ ասած՝ FLYONE ARMENIA-ի օդանավերում ոչ թե միայն Միր քարտերով են ուղևորներից վճարումներ ընդունում, այլ միայն հիշյալ քարտերն են, որոնցով հնարավոր է offline տարբերակով գործարքներ կատարել։
Միևնույն ժամանակ ուղևորները օդանավերում մատուցվող ծառայությունների համար կարող են վճարել նաև կանխիկ։
Հիշեցնենք, որ հիշյալ ավիաընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։