Արարատի մարզի բազմաթիվ բնակիչներ ահազանգում են, որ ինչ սկսել է ծիրանի մթերման սեզոնը, «Սպայկա» ընկերությունը խարդախությունների է դիմում և գյուղացիներին մեծ վնաս պատճառում։
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեց, որ «Սպայկա» ընկերությունը եթե սկզբում 500 դրամով էր ծիրանը գնում, ապա վերջին օրերին գինը իջեցրել է 400, իսկ հիմա արդեն 300 դրամ։ Բացի այս, գյուղացիները ահազանգում են, որ իրենք լավ որակի բերք են հանձնում ընկերությանը, բայց հաջորդ օրը, «Սպայկան» իքս քանակի բերք է վերադարձնում գյուղացիներին՝ պատճառաբանելով դրա վատ որակը, ինչն, իրականում՝ այդպես չէ։
«Միշտ խարդախություն են անում, ասում են՝ արկղերը ստուգում են, որը լավ չի, հետ են ուղարկում։ Բայց խնդիրն այն է, որ տեղում՝ բերքը հանձնելուց ստուգել են, ասել են՝ բոմբ ա։ Էդ ո՞նց եղավ, որ հաջորդ օրը պարզեցին, որ վատ որակի ապրանք է»,- բողոքեց բնակիչներից մեկը։
Գյուղացիները կասկածներ ունեն, որ «Սպայկա» ընկերության աշխատակիցները այգիներ ունեցող իրենց մտերիմների հետ պայմանավորվածություն ունեն, նրանց վատ որակի բերքը մթերել են, ապա գյուղացիներին մեղադրել վատ ապրանք հանձնելու մեջ, ու այդ անորակ ապրանքը տարբեր քանակություններով հանձնել գյուղացիներին։
«Ես արկղերի տակ նշան եմ արել, ու բռնել եմ, որ իրենք խաբում են։ Երբ բերել են ապրանքը ու ասել, որ դա իմն է, վատ որակի է, ես նայել եմ ու տեսել, որ այդ արկղերի տակ իմ արած նշանները չկան։ Իրենք էլ ասում են՝ քո նշանին չենք հավատում, մենք մեր նշանն ունենք։ Ես էլ ասացի, որ մենք մեր ապրանքին ենք տեր, ոչ թե ձեր զիբիլին։ Կարող է՝ իրենց ընկերը վատ ապրանք է հանձնում, դա հետո փորձում են խեղճերի գլխին կոտրեն․․․
Բացի այդ, երեկոյան գին ենք հարցնում, ասում են՝ 400 դրամ, առավոտ տանելուց ասում են՝ գիտես չէ՞, 300 դրամ է։ Դա այն դեպքում, երբ գյուղացին աշխատողներ է բերել ու բերքը հավաքել է, ծիրանը գետնի վրա է, առիթից օգտվում են։
Ամեն կերպ փորձում են խաբել։ Կիլոյի մեջ քցում են, արկղի մեջ քցում են, իրենց բարեկամների վատ որակի միրգը «տուլիտ» են անում։ Մենք արկղերի տակ խաչ ենք արել ու համոզվել, որ խալխի ծիրանը մեր վրա են «տուլիտ» անում։ Իրենք գյուղացու դառը քրտինքն ուտում են։ Մի հատ էլ ասում են՝ ավելի է խստանալու պահանջը, բացարձակ չեչ չլինի, էս չլինի, էն չլինի։
Պատկերացնո՞ւմ եք, 80 արկղ ծիրան եմ տվել, հաջորդ օրը 30 արկղ հետ են տվել։ Ընդ որում՝ տանելուց ասացին՝ բոմբ ծիրան ա։
«Սպայկա» ընկերությո՛ւն, դուք մեր քրտինքով եք փող աշխատում ու ձեր երեխեքին պահում։ Որ մենք՝ գյուղացիներս, ձեզ ապրանք չտանք, դուք սոված կմնաք։ «Սպայկա»-ն գյուղացու ոտքը պետք է պաչի, որ գյուղացին բերքը հանձնի իրենց։
Հիմա «Սպայկա»-ի ֆուռերը Դաշտաքար գյուղում են կանգնում, Վեդիից էլ են այնտեղ տանում հանձնում, բայց գյուղացիներով որոշել ենք, եթե նման խարդախությունները շարունակեն, ապա կլարնեք գյուղից, ոչ մի կիլո ծիրան չենք հանձնի իրենց»,- դժգոհեցին բնակիչները։
Նրանց խոսքով՝ նույն խնդիրը «Սպայկա» ընկերության հետ նախորդ տարի խաղողի մթերման ժամանակ է եղել։
Oragir.News-ը պարզաբանումստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Սպայկա» ընկերության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։