Ինչպես գիտենք, ըստ կառավարության սահմանած նոր կարգի՝ Հայաստանում բժիշկներին այսուհետ արգելվելու է երկար եղունգներ ունենալ, հարդարել եղունգները, զարդ կրել, նույնիսկ՝ ժամացույց, շպարվել, արհեստական թարթիչներ ունենալ։
Oragir.News-ը զրուցեց Երևանի ստոմատոլոգիական կլինիկաներից մեկի բուժքույր Ջուլիետա Անանյանի հետ, պարզելու ինչպե՞ս են վերաբերվում նոր օրենքին, և արդյո՞ք մինչ նոր կարգի ուժի մեջ մտնելը կային պացիենտներից դժգոհություններ բժիշկների դիմահարդարման կամ մատնահարդարման հետ կապված։
«Ես աշխատում եմ մասնավոր ատամնաբուժարանում։ Նոր կարգի մասին տեղյակ եմ, գիտեմ, որ ուժի մեջ է մտել ամսի 1-ից։ Պարզապես՝ աբսուրդի ժանրից է։ Այդ կարգը կարող է կապ ունենալ հիգիենայի հետ։ Չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի պացենտի կամ որոշումը ընդունողի համար մեր մատնահարդարումը, անգամ՝ երբ հիվանդը դա չի էլ տեսնում ձեռնոցի տակից։ Ձեռնոցն է շատ բաներից պաշտպանում»,-նշեց բուժքույրը, վրդովված հավելելով,- «Էդպես լավ չի, թող ասեն՝ մի հարդարվեք»։
Նրա խոսքով՝ մինչ կարգի ուժի մեջ մտնելը երբևէ պացենտներից որևէ դժգոհություն չեն լսել։
«Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, դա էլ բխում է հիգիենիայի կանոններից։ Դա տարրական հիգիենա է, նորմայի սահմանում ամեն բան էլ թույլատրելի է»,- եզրափակեց բուժքույրը։
Նշենք նաև, որ Oragir.News-ը վերջին օրերին նման բողոքներ շատ է ստանում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ բողոքի իրական ալիք է հասունանում։
Հիշեցնենք, որ մեծ հիմնարկներում բժիշկներին հերթով կանգնեցնում են, ստուգում մատները, շպարը, պարտադրում կտրել եղունգներն ու հանել զարդերը։ Առողջապահության նախարարության սահմանած այս նոր կարգն ուժի մեջ է մտել 2024-ի հունիսի 1-ից և առաջացրել բուժաշխատողների համատարած դժգոհությունը։