Որտե՞ղ է Սուրեն Պետրոսյանը. ոստիկանությունից հայտնում են՝ նա բերման չի ենթարկվել
copy image url

Որտե՞ղ է Սուրեն Պետրոսյանը. ոստիկանությունից հայտնում են՝ նա բերման չի ենթարկվել

Ներքին 10 ամիս առաջ - 14:45 13-06-2024
Երեկ, հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ առևանգվել է քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը։

«Առևանգված Սուրեն Պետրոսյանին հայտնաբերել դեռ չի հաջողվել։ Նա շուրջ 16 ժամ զրկված է իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու կամ փաստաբանի հետ կապվելու իրավունքից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, հասկանալու համար, բերմա՞ն է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը, ինչու՞ գրեթե 16 ժամ անց որևէ տեղեկություն չկա նրանից։ Գաբրիելյանը նշեց, որ Սուրեն Պետրոսյանը ոստիկանական որևէ տեղամասում չի գտնվում. «Ոստիկանություն չի բերվել ինքը»,-ասաց նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին որևէ տեղեկություն չունեն։

«Ոստիկանությունը նշում է, որ իրենք չեն տարել։ Ինչ-որ քաղաքացիական հագուստով մարդիկ են տարել։ Մեր իրավաբանները զբաղվում են այդ հարցով»,-նշեց մեր զրուցակիցը։

«Ցավոք դեռ որևէ տեղեկություն չունեմ։ Չհաստատված, իրարամերժ տեղեկություններ են»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում էլ նշեց Սուրեն Պետրոսյանի ազգականուհին։

Քիչ առաջ, սակայն, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի ընտանիքի անդամներից մեկը 24News-ին հայտնել է, որ նա կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ: