Կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի, և իբրև թե մենք ենք նպաստելու դրա վերսկսմանը, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմ ավարտել։ Լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական ինքնահանձնման, մեր հայրենիքի, պետության և ինքնության կորստով։ Պատերազմը չի ավարտվել։
Այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման և սահմանագծման տեսքով»,-ասաց Սրբազանը։
Բագրատ Սրբազանի խոսքով միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքնին պատերազմի ամենամեծ սպառնալիքն է։
«Այս իմաստով վերստին ցանկանում եմ հիշեցնել, որ․
Հայաստանը չի՛ կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, որն այս իշխանությունների ձեռագիրն է, այլ պետք է գործի ուժային կենտրոնների շահերի համադրման սկզբունքով, գործընկերային կապերի, փոխգործակցության սկզբունքով։
Հրաժարվել «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից՝ դառնալով կանխատեսելի և վստահելի գործընկեր։
Հարաբերությունների վերականգնում գործընկեր, դաշնակից պետությունների հետ՝ միևնույն ժամանակ ձեռք բերելով նոր դաշնակիցներ և բարեկամներ։
Եվ այս ամենի առանցքը, սկզբունքը, «կարմիր գիծը», պետք է լինի սեփական ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ՝ հեռու ծառայամտությունից և միայն ու միայն արտաքին շահերի սպասարկումից»,,- իր ելույթւմ ասաց Բագրատ Սրբազանը։