Հայաստանի իշխանությունները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնությանը քննադատելու և հակառուսական հռետորաբանությամբ հանդես գալու առիթը բաց չեն թողնում։ Առիթներ ունեցել ենք պնդելու, որ նման կերպ Փաշինյանին հաջողվում է իր շուրջը մոբիլիզացնել հասարակության այն հատվածին, որը թեև իր կառավարության նկատմամբ դժգոհություններ ունի, սակայն առավել շատ դժգոհություններ ունի ՌԴ-ից և դեմ է այդ երկրի հետ հարաբերությունների և ինտեգրացիայի խորացմանը։
Այս համատեքստում Փաշինյանի քաղաքական թիմի անդամները և իշխանական փորձագետ-քարոզիչները նրանից փորձում են հակառուս և անկախական գործչի կերպար ստեղծել՝ հասարակությանը համոզելով, որ թեև Հայաստանը վերջին տարիներին զգալի կորուտներ է ունեցել, այնուամենայնիվ պետության ղեկավարն անզիջում պայքար է մղում անկախության և ինքնիշխանության համար։ Պետք է արձանագրենք, որ նման կերպ Փաշինյանին հաջողվել է մի քանի անգամ պահպանել իր իշխանությունը․ վերջին օրինակը նախորդ տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին էր՝ Արցախի լիակատար բռնազավթման ֆոնին, երբ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով լայնամասշտաբ բողոքի ակցիաներ էին սկսել, իսկ վերջինս հայտարարեց, թե դրանք ուղղորդվում են արտաքին դերակատարների կողմից, և ինքը առաջնորդելու է Հայաստանի անկախության պահպանման շարժումը։
Հունիսի 1-ին տևական դադարից հետո Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցան, ընդ որում ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի առաջնորդը նախ հեռագրով էր շնորհավորել Փաշինյանի ծննդյանը օրը, այնուհետև զանգահարել։ Իր շնորհավորական ուղերձում Պուտինն ընդգծել էր, որ ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, և Մոսկվան կողմ է, որ դրանք շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների։
Փաշինյան-Պուտին հերթական հեռախոսազրույցն ուշագրավ է նաև այն հանգամանքով, որ հայ-ռուսական հարաբերություններում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ հաճախ չեն կայանում։ Բացի այդ, այս հեռախոսազրույցը տեղի ունեցավ Երևանից ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ետկանչին և ՌԴ-ում ՀՀ դեսպանի նոր թեկնածուի ի հայտ գալուն, ինչպես նաև Փաշինյանի դեմ թափ առնող Բագրատ սրբազանի շարժմանը զուգահեռ։
Նկատենք, որ իշխանական ու մերձիշխանական շրջանակների և տեղեկատվական հարթակների կողմից Փաշինյանին ուղղված Պուտինի շնորհավորանքը բավականին մեծ տարածում գտավ, սակայն վերջիններիս կողմից կարելի է ասել գրեթե անտեսվեց այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար: Որպեսզի այս հանգամանքը շատ չտարածվի, իշխանական քարոզիչները Փաշինյանի շնորհակալությանը բացարձակ չեն անդադարձել, և այդ տեղեկությունը մնացել է մի քանի տողանոց պաշտոնական հաղորդագրության մակարդակում:
Փաստացի նման կերպ Հայաստանի իշխանությունները փորձում են միանգամից մի քանի հարց լուծել․ նախ՝ ներքաղաքական ճգնաժամային այս վիճակում ցույց տալ, որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, բայց մյուս կողմից՝ շատ չտարածել Ռուսաստանի ցուցաբերած օգնության մասին տեղեկությունները, որպեսզի Ռուսաստանի մասին լավ տպավորություն չստեղծվի հասարակության մեջ, ինչպես նաև չվնասեն նույն Նիկոլ Փաշինյանի շուրջ ստեղծված հակառուս գործչի կերպարը և չառաջացնեն արևմուտքի դժգոհությունը։
Հատկանշական է նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը բավականին օպերատիվորեն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքին և Ռուսական երկաթուղիներին հանձնարարել է աջակցել հայկական երկաթուղու վերականգնման աշխատանքներին։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է, իսկ ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրումը՝ քանդված կառույցների պայթեցման և ապամոնտաժման միջոցով։
Նկատենք, որ երկաթուղին Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցված է, որի միջոցով մեր երկիր են ներկրվում բազամաթիվ ապրանքներ, այդ թվում Ռուսաստանից։ Եթե երկաթուղին որոշ ժամանակ չգործեր, ապա դրա հետևանքով կխաթարվեին դեպի Հայաստան կատարվող ներկրումները, երկում գնաճի տեմպերը կտրուկ կմեծանային, ՀՀ-ի տնտեսությունը կհայտնվեր իրական կոլապսի մեջ, ինչն էլ ավելի կմեծացներ Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ առկա հանրային դժգոհությունները և անխուսափելիորեն կհանգեցներ վերջինիս հեռացմանը։
Զարմանալի է, որ Մոսկվայից Նիկոլ Փաշինյանի և վերջինիս գլխավորած կաբինետի հասցեին հնչող անողոք քննադատությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահը չի օգտվում Հայաստանի վարչապետին պատժելու այս բացառիկ հնարավորությունից և ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու ֆոնին նպաստում է «հակառուս» Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։ Ընդ որում Պուտինը հերթական անգամ Փաշինյանին պաշտպանության տակ է առնում այն ժամանակ, երբ Հայաստանում վերջինիս դեմ լուրջ դժգոհություններ են հասունացել ու նրա հետագա պաշտոնավորումը վտանգված է։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինն աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինիս իշխանությունը վտանգվում է․ ՌԴ նախագահը 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-թվականի դեկտեմբերի 2-ին, Հայաստանում Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելը սխալ է և նրան պետք է աջակցել, բացի այդ, մի շարք փորձագետների ու քաղաքական գործիչների համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կարողացավ հաջողության հասնել բացառապես ՌԴ-ի աջակցության շնորհիվ։
Այսպիսով՝ Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի միջև յուրօրինակ քիմիա կա, որի դրսևորումները վերջին տարիներին բազմաթիվ են։ Մի կողմից Փաշինյանն ու իր թիմակիցները Մոսկվայի հասցեին ամենակոշտ քննադատություններն են հնչեցնում, մեղադրում դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ, բոյկոտում ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքները, սակայն մյուս կողմից, երբ նույն Փաշինյանի իշխանությունը վտանգվում է, նույն Մոսկվան՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, անմիջապես օգնության է հասնում «հակառուս» Նիկոլ Փաշինյանին և փրկում վերջինիս։
Բացի այդ, հերթական անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հակառուսական հայտարարություններն ու արարքներն իրականում կրում են բացառապես քարոզչական բնույթ, և դրանք գործնականում որևէ կերպ չեն վնասում Մոսկվայի շահերին։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա վերջինս Հայաստանի արժանվույնս գնահատում է ՀՀ-ի «ինքնիշխան և անկախական», երբեմն նաև իրեն «արևմտամետ» համարող վարչապետի այս քաղաքականությունը և անհրաժեշտության դեպքում շտապում է վերջինիս օգնության։
Դավիթ Գույումջյան