Այսօր գումարվել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը։ ՏԿԵ նախարարին զեկուցվել է օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը, տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տեղեկացրել է, որ Թումանյան փողոցի մաքրման աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են։ Մնացած հատվածներում աշխատանքները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է անասնահամաճարակային իրավիճակի բացառման և կառավարման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:
Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն էլ զեկուցել է բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական բլոկով տարվող աշխատանքները։
Ներկայացվել է նաև վնասների գույքագրման աշխատանքների ընթացքը։
Նախարար Սանոսյանը շտաբի անդամներին տեղեկացրել է Մ6 միջպետական մայրուղու որոշ հատվածներ անցանելի դարձնելու, ինչպես նաև երկաթուղու աշխատանքը մինչև Այրում կայարան և այնտեղից արդեն բեռնատարներով բեռը տեղափոխելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
Նախարարը նշել է, որ սննդի և ջրի կարիք չկա։ Կան բավարար պաշարներ, որոնք, ըստ կարիքի, բաշխվում են բնակիչներին։