Ադրբեջանում մեծանում է Հայաստանում ժողովրդական շարժման նկատմամբ անհանգստությունը
copy image url

Ադրբեջանում մեծանում է Հայաստանում ժողովրդական շարժման նկատմամբ անհանգստությունը

Միտք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 15:17 27-05-2024
«Տավուշը հանուն Հայաստանի» համաժողովրդական շարժումը մեծ և հավասարաչափ վրդովմունք է առաջացրել ադրբեջանցի, ադրբեջանամետ և փաշինյանական «փորձագետների» շրջանում։

Ալիևյան ռեժիմի հայտնի քարոզիչ Իգոր Կորոտչենկոն, օրինակ, ինչպես և պետք էր սպասել, քննադատող տեքստեր է հրապարակում Բագրատ Սրբազանի մասին։ Այս խոսույթը մեծ պատրաստակամությամբ թարգմանել և տիրաժավորել է Փաշինյանի վարչակազմի հսկողությամբ գործող լրատվամիջոցներից մեկը։
Միաժամանակ, Ադրբեջանի խորհրդարանում և իշխանության մյուս օղակներում ակտիվ քննարկվում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը։



«Արդեն ոչ զարմանալի զուգադիպությամբ բառ-բառ կրկնվում են ՔՊ-ական պատգամավորների և ադրբեջանցի պատգամավորների խոսույթները։ Այսպես, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Ջեյհուն Մամեդովը հայտարարել է․ «Պատմության ընթացքում ադրբեջանցիներին ու հայերին խաղաղ ապրելու հարցում հիմնական խոչընդոտող կառույցներից մեկը հայկական եկեղեցին է։ Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա։ Բայց ի՞նչ է առաջարկում լավ Բագրատը հայ հասարակությանը։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Պատրա՞ստ են արդյոք հայոց պետությունն ու հասարակությունը պատերազմի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է իր տեղը ցույց տա այս կեղծ քահանային և նրա թիկունքում վախկոտորեն թաքնված հին ռեժիմի մնացորդներին», գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Պետք է ասել, որ հայրենի իշխանության սպառնալիքները տարածում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները՝ ավելի սանձարձակ խոսույթով։ Նրանք նաև չեն զլանում ծաղրել փաշինյանական ջարդարար մեքենայի դրսևորումները՝ «կարմիր գլխարկներ» անվանելով ոստիկանության հատուկջոկատային ստորաբաժանումներին։ Հակառակորդ երկրի քարոզչամեքենան պարբերաբար քննադատում է Փաշինյանի կառավարությանը՝ մեղադրելով ցուցարարների հանդեպ անվճռական վերաբերմունքի մեջ։ «Ինչպե՞ս կարելի է այդքան մեղմ լինել այն մարդկանց նկատմամբ, որոնք ձգտում են ռևանշի։ Անհասկանալի է և տարօրինակ։ Եթե իսկապես Նիկոլ Փաշինյանը մտադիր է կարգավորել ադրբեջա-հայկական հարաբերությունները, նա պետք է հրահանգի կիրառել հատուկ միջոցներ, որոնք ամիսներով լռեցնելու են Ղարաբաղից փախածների շահերն առաջ տանող այդ խմբերին», նշում է ալիևյան մամուլի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։
Հետաքրքիր է, որ թշնամական քարոզչամեքենան խոսում է «ամիսների» մասին, ըստ ամենայնի նկատի առնելով, որ այդ ժամկետում կարող է ավարտվել թե՛ «սահմանազատումը», և թե՛ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքումը՝ քայլեր, որոնց դեմ է ուղղված համաժողովրդական այս շարժումը։
Ամեն դեպքում փաստ է, որ նախանշված քայլերը, որոնք պայմանավորվել են Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, ուղղված են հայկական պետական և ազգային շահերի դեմ, իրականացնելու համար որոշակի ժամկետ և «հանդարտություն» են պահանջում, և Բագրատ Սրբազանի գլխավորած Շարժումը մեծապես խանգարում է հակահայ ծրագրերի հաջող իրականացմանը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված