Տավուշի մարզի 4 գյուղերում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը

Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 17:00 24-05-2024
Տավուշի մարզի 4 գյուղերում, որոնք սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան տակ հանձնվել են Բաքվին, իսկ գործող իշխանություններն այն որակում են որպես դարակազմիկ իրադարձություն, բարձրացվել է Ադրբեջանի պետական դրոշը։ Այս մասին հրճվանքով հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաջողվել է «վերադարձնել 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի»։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զորքերը զեկուցել են այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին, որ «Ղազախի շրջանի Բաղանիս Այրըմ, Աշաղը Ասքիփարա, Խեյրըմլի և Գըզըլհաջըլի գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին»։

Ընդհանուր առմամբ Հայաստանից Ադրբեջանին է հանձվել 6․5 քառակուսի կմ տարածք։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշումը կայացվել էր ապրիլի 19-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուսթաֆաևի գլխավորած հանձնաժողովների 8-րդ նիստի արդյունքներով։ Չնայած Հայաստանում այս որոշումը վիժեցնելու նպատակով մեկնարկած շարժամը, գործող իշխանությունները մինչև վերջ չհրաժարվեցին այս որոշումից։

Դրոշի բարձրացումը՝ տեսանյութում․