Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համալսարանական հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, շրջանավարտներ և սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայր բուհի 105-րդ տարեդարձի կապակցությամբ։
Անգնահատելի է Երևանի պետական համալսարանի ավանդը Հայաստանի պետականաշինության, մեր երկրի տնտեսության, մշակույթի զարգացման, սերունդների դաստիարակության և այլևայլ հիմնարար ոլորտներում։ Երևանի պետական համալսարանն իրավամբ հայոց ընտրանու ձևավորման ամենախոշոր ու կարևոր դարբնոցն է։ Մայր բուհը միշտ եղել է և կա հանուն հայրենիքի, հանուն ազգային արժանապատվության, հանուն ազատության ու արդարության պայքարի ակունքներում ու առաջնաբեմերում։ Հիրավի մեծ պատիվ է համալսարանական լինելը՝ չճկվող, չընկճվող, արդարամիտ, բարեկիրթ, սկզբունքային, ոգեղեն․․․ինչպես լավագույնները ներկայիս ու բոլոր ժամանակների մեր դասախոսների և ուսանողների մեջ։
Քաղաքական ցնցումները վերջին տարիներին չշրջանցեցին նաև Մայր բուհը՝ ի դերև հանելով մարդկային անցանկալի որակներ, այդուհանդերձ լիահույս եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղն է ընկնելու։
Առիթն օգտագործելով՝ իմ մեծ շնորհակալությունն եմ հայտնում համալսարանական իմ այն ՈւՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, գործընկերներին, և առաջին հերթին երջանկահիշատակ Արամ Սիմոնյանին, ովքեր ներդրում են ունեցել (և շարունակում են ունենալ) իմ մասնագիտական կայացման, որպես մարդ ձևավորման գործում»: