Զոհասեղանին Հայաստանի ապագան է․ «Տավուշյան շարժում»-ը չպետք է տրոհվի
copy image url

Զոհասեղանին Հայաստանի ապագան է․ «Տավուշյան շարժում»-ը չպետք է տրոհվի

Ներքին 11 ամիս առաջ - 16:35 26-04-2024
Տավուշի գյուղերը հանձնելուն ընդդիմացող մարդկանց շարժումը կարելի է բնորոշել, որպես ազգային շահերի պաշտպանությանն ուղղված երևույթ։

Բայց յուրաքանչյուր պայքար պետք է ունենա իր նպատակը, և այն պարտադիր պիտի հանրահռչակվի։ Որ մարդիկ կողմնորոշվեն նաև ըստ դրա և իրենց մասնակցությամբ թափ ու լրջություն հաղորդեն շարժմանը։

Այսօր Տավուշյան շարժումը ներկայացվում է, որպես ամբողջ Հայաստանին վերաբերող։ Դա ճիշտ է, բայց համահայաստանյան ընդգրկվածություն չի նկատվում։ Խոսքը չի վերաբերում Հանրապետության այս կամ այն վայրերում մի քանի րոպե կամ մի քանի ժամ տևողությամբ մայրուղիներ փակելուն, թեև դա էլ իր նշանակությունն ունի։

Շարժումը դեռևս կրում է զուտ էնտուզիազմի շնորհիվ շարունակման եղանակ, ինչն էապես սահմանափակում է հնարավոր արդյունավետությունն այն հաշվառմամբ, որը կարող էր արձանագրվել, եթե շարժման ղեկավարները կարողանային կամավորության հետ միասին ակտիվ քարոզչություն իրականացնել ու ավելի լայն զանգվածներ ներգրավել։

Շարժմանը նաև ընդգծված առաջնորդ է պետք։ Եթե այսպես ասենք՝ հուսահատ առաջնորդ, որպիսին կար 2018 թվականին։ Ավելի քան 2 շաբաթ ծավալվող այս շարժումը դեռևս ի հայտ չի բերել այն անձին, ով կարող է մարմնավորել Հայաստանի սուվերեն տարածքի պահպանման համար պայքարը։

Շարժումը պիտի զերծ պահել չարչրկված ու հակակրանք առաջացնող կերպարներից։ Այս տարիների ընթացքում իշխանությունը, ի թիվս այլ վնասների, նաև կարողացել է բազմաթիվ հանրային դեմքերի «փչացնել»։ Ահա հենց նման մարդկանցից պիտի հեռու պահել այս պայքարը։

Տավուշի գյուղերի պահպանմանն ուղղված շարժումը սուրբ է ու վեհ, նաև՝ ծանր պատասխանատվություն պարունակող։ Պայքարին մասնակցողներն առայսօր որևէ նսեմացնող քայլ չեն արել, և մեծ մասով հենց դա է, որ շարունակող ուժ է հաղորդում։ Եվ պատիվ պետք է համարվի Հայրենիքի ամբողջականության համար պայքարին մասնակցելը։
Շարժման լուսաբանման առումով բավական լուրջ աշխատանքներ են կատարվում, սակայն հատկապես սոցիալական ցանցերում է անհրաժեշտ աճեցնել քանակն այն էջերի, որոնց միջոցով նկարագրվում է իրականացվածը և ներկայացվում անելիքը։

Բոլոր դեպքերում պետք է այնպես անել, որ իշխանական համակարգը հնարավորություն չստանա ձեռնարկելու պառակտող քայլեր։

Զոհասեղանին դրված է Հայաստանի ապագան, և չտա Աստված, բայց այս պայքարի ձախողումն ընդդեմ Հայաստանի գործող ուժերին ծառայելու է ազդակ՝ շարունակելու և ավարտելու Հայաստանի ոչնչացումը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված