Oragir.News-ը արդեն անդրադարձել էր, որ Գյումրիի հատկապես բանուկ փողոցները լցվել են աղանդավորներով։ Հարցին ոչ միայն լուծում չի տրվել, այլ նաև մեր անդրադարձից հետո աղանդավորների խմբերը շատացել են։ Այդ խմբերը քաղաքի բանուկ փողոցներում են և մարզային ու քաղաքային իշխանությունների քթի տակ, բայց այսպես ասած այդ մարդկանց «խաթրին կպչող» չկա։
Առավոտյան կամ առհասարակ մինչև 18:00 ընկած ժամանակահատվածում Գյումրիի տարբեր փողոցներում կարելի է հանդիպել աղանդավորների, որոնք, զույգերով կանգնած, ինչ-որ թերթիկներ են բաժանում, ակտիվ քարոզչություն են անում։ Ամենակարևորը՝ անվճար, ինչպես իրենք են ասում՝ Աստծո խոսքն են տարածում։ Այս մարդիկ Եհովայի վկաներ աղանդից են։
Oragir.News-ի լրագրողը շրջել է Գյումրիի փողոցներում, փորձել զրուցել նրանց հետ։ Աղանդավորները հրաժարվեցին խոսել, անգամ նկարվել։ Ասում են՝ մենք մեր գործն ենք անում, Եհովային ենք ծառայում։
Մեր տեղեկություններով՝ աղանդավորական այդ խմբերի փողոցում կանգնելը այնքան էլ բարի կամքի դրսեւորում չէ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փողոցում 3-4 ժամ կանգնելու համար ամսական 70-80.000 դրամ գումար են ստանում։ Հերթափոխով են իրականացնում, իրենց ձեւակերպմամբ, Աստծո խոսքի տարածումը։
Նշենք, որ Հայաստանում աղանդների թիվը սկսեց աճել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Գաղտնիք չէ, որ աղանդների միջոցով քայքայվում է ազգային ինքնությունը, մտածելակերպը և դրանք ֆինանսավորվում են տարբեր երկրներից, հիմնականում՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից։