Վերջին օրերին քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականի փաստը և այն պատճառները, որոնք հանգեցրել են այս հրաժարականին։
Մարուքյանի հրաժարականի մասին հայտնի դարձավ դեռևս փետրվարի 29-ին, սակայն այդ ժամանակ պատճառների մասին հանրությունը չտեղեկացվեց. քաղաքական գործիչն իր հայտարարության մեջ միայն հայտնել էր մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնությունների առկայության մասին։ Հրաժարականի պատճառների մասին հրաժարվում էին խոսել նաև Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները՝ նշելով, որ նախկին դեսպանն առաջիկայում հայտարարություն կտարածի և կպարզաբանի հրաժարականի պատճառները։
Մարուքյանն արդեն մարտի 9-ին տեսաուղերձ հրապարակեց՝ անդրադառնալով սեփական պաշտոնանկության պատճառներին։ Վերջինս իր ուղերձում պնդեց, որ դեսպանի պաշտոնը ստանձնելու որոշում է կայացրել, երբ ռուս-ուկրաինական պատերազմը նոր էր մեկնարկել և զուգահեռաբար տեղի էր ունենում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։
Նախկին պաշտոնյան նշեց, որ այն ժամանակ գոյություն ունեին Հայաստանի կողմից գծված կարմիր գծերը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի ներքո երաշխավորումը։ Մարուքյանը պարզաբանեց՝ սա ենթադրում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Հայաստանը չի պահանջում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ փոխարենը միջազգային իրավունքի ներքո ստանում է հայերի անվտանգության երաշխավորությունը։ «Այս մասին հայտարարությունը հնչում է Պրահայում՝ փաթեթի համաձայն, սակայն վերոնշյալ հայտարարությունից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը չի հայտարարում ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին»,- ասաց նախկին դեսպանը։
Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանի հետ իր վերջին անհամաձայնությունը եղել է Սահմանդրության փոփոխման շուրջ։ Նախկին դեսպանը պնդեց՝ դեմ է եղել պետականության հիմքերը վերանայելուն, իր բանակցային ստրատեգիան տոտալ այլ է եղել. «Բարոյական չէր լինի իմ կողմից, չկիսելով «հետկարմիրգծերի փլուզման ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումները, շարունակել մնալ այդ պաշտոնին»։
Հատկանշական է, որ Էդմոն Մարուքյանը մի կողմից, հատկապես ՀՀ Սահմանադրության հարցում, խոսում է սկզբունքայինության և կարմիր գծեր ունենալու մասին և դրանով է փորձում փաթեթավորել սեփական հրաժարականը, սակայն մյուս կողմից նա իր գործունեության ողջ ընթացքում խախտել է ՀՀ Սահմանադրությունը։ Մասնավորապես՝ Մարուքյանն իր խոսքում ընդունում է, որ անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների դիմաց բանակցել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին։
Իրականում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։ Սահմանադրությունը ներառում է նաև նախաբանը, որը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, դա էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզխորհրդի՝ վերամիավորման մասին համատեղ որոշմանը։ Հռչակագիրը, փաստացի, ՀՀ Սահմանադրության մաս է կազմում, և այն արգելում է ցանկացած իշխանության Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Արցախն այլ պետության մաս ճանաչելն արգելում է նաև ՀՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի կողմից 1992-ի հուլիսի 8-ին ընդունված որոշումը, որի մասին նույնպես սկսվեց շատ խոսվել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմի անդամները Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրստակամություն հայտնեցին։ Հիշյալ որոշման երկրորդ կետում մասնավորապես ասվում է. «
Գերագույն խորհուրդը որոշում է Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Չնայած այս ամենին, Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, իսկ 2023 թվականի մայիսի 22-ի ասուլիսում հաստատեց, որ 86.600 քառակուսի կմ տարածքն ընդգրկում է նաև Արցախը և նախկին անկլավները, ինչը ոչ այլ ինչ էր քան ՀՀ Սահմանադրության, Անկախության հռչակագրի և ԳՇ 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման կոպտագույն խախտում։
Այս ամբողջ ժամանակահատվածում Մարուքյանը շարունակում էր անտրտունջ պաշտոնավարել և փաստացի բանակցել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ու այսպես կոչված արցախցիներին ադրբեջանական հասարակությանն ինտեգրելու օրակարգի շուրջ, ուստի այժմ սեփական հրաժարականը ՀՀ Սահմանադրության հարցում ունեցած սկզբունքայինությամբ պայմանավորելը մեղմ ասած համոզիչ չէ։ Այլ կերպ ասած՝ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն իր ուղերձում բարի ժպիտով պատմում էր պետական դավաճանության մասին՝ փորձելով հիմնավորել պատերազմում պարտված և կապիտուլյացիայի ենթարկված առաջնորդից պաշտոն ստանձնելու առաջարկը։
Ավելի վաղ
պնդել էինք նաև, որ Մարուքյանի հրաժարականի պատճառներից մեկն էլ կարող է լինել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես գալու և ԱԺ-ում Փաշինյանի համար կառուցողական ընդդիմություն լինելու հանգամանքը, սակայն նախկին դեսպանն իր ուղերձում հերքել էր նաև այդ հնարավորությունը։ «Տխմարագույն հեքիաթ է, թե ես լքել եմ խորտակվող նավը: Իշխանական նավը չի խորտակվում: Երևանի ավագանու ընտրությունները ցույց են տվել, որ իշխանությունների գործերը վատ չեն ու խորտակվող նավ չկա»,- հակադարձել էր նա։
Սակայն Մարուքյանի հերքումը, ինչպես նաև նախօրեին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից նախկին դեսպանի աշխատանքի նկատմամբ դժգոհությունների արտահայտումը վկայում են այն մասին, որ հիշյալ սցենարն առնվազն չի բացառվում, ուստի Մարուքյանին անհրաժեշտ է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, որի լավագույն տարբերակը միմյանց վրա ցեխ շպրտելն է։
Չենք բացառում նաև, որ Էդմոն Մարուքյանն առաջիկայում քաղաքական անհրաժեշտությունից ելնելով կհիշի, որ 2020 թվականի նոյեմբերի 12-ին ընդունել էր, որ Փաշինյանը կապիտուլյացիա է ստորագրել, իսկ կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս ի զորու չէ ղեկավարել երկիրը, որի մասին նա կարծես թե մոռացել էր իր պաշտոնավարման 2 տարիների ընթացքում։ Ավելին՝ Էդմոն Մարուքյանը 2022-2024 թվականներին համառորեն պնդում էր, որ Հայաստանը կապիտուլյացիա չի ստորագրել՝ հակասելով սեփական գրառմանը, որը պահպանվում է առ այսօր։
Դավիթ Գույումջյան