ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսվե՞լ է, թե՞ Արարատ Միրզոյանը ստում է
copy image url

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսվե՞լ է, թե՞ Արարատ Միրզոյանը ստում է

Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:00 10-03-2024
Ասում են, թե՝ ՔՊ-ական իշխանությանը բնորոշ է անորոշ քաղաքականություն վարելը, քանի որ ո՛չ սկզբունք ունեն, ո՛չ գաղափար, ո՛չ էլ քաղաքական դավանանք։ Անորոշությունը անվստահություն ու կասկածներ է առաջացնում գործընկերների և պոտենցիալ դաշնակիցների մոտ։ Արդյո՞ք գիտակցում է ՔՊ-ական իշխանությունը, թե ինչ ռիսկային է անորոշ քաղաքականությունը։ Պարզվում է՝ ՔՊ-ն միայն հայ ժողովրդին է պահում անորոշության մեջ, իսկ, օրինակ՝ թուրքերի հետ խոսելիս, ամեն ինչ պատմում են։

«Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը»,- ասել է Արարատ Միրզոյանը TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում և հավելել,- «Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել»։

Ի՞նչ գործընթացի միջով է անցնում Հայաստանը։ Ո՞ւր է այն տանում։ Ինչո՞ւ է ԱԳ նախարարը այս մասին պատմում թուրքերին։

Տեքստից ենթադրվում է, որ խոսքը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին է։ Եթե նույնիսկ միայն գաղափար կա, ապա ԵՄ-ին անդամակցելու ռիսկերի և հնարավորությունների վերաբերյալ սեմինարներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, քննարկումներ պիտի կազմակերպվեն։ Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ուր է իրեն տանում իշխանությունը։ Հետևաբար՝ եթե ՔՊ-ն առաջիկա շաբաթներին կազմակերպի լայն, հրապարակային քննարկումներ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարի շուրջ, ապա կարելի է ասել, որ Արարատ Միրզոյանը չի ստում, ԵՄ-ին անդամակցելու գաղափար կա։

ԵՄ անդամ դառնալուց առաջ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այսինքն՝ եթե կա ԵՄ-ին անդամակցելու գաղափար, առավել ևս՝ գործընթաց, ապա ներկրմամբ, արտահանմամբ զբաղվող տնտեսվարողները պետք է քննարկեն այդ հեռանկարը, հանդես գան քննադատությամբ, առաջարկություններով, նշեն ռիսկերն ու մարտահրավերները, գնահատեն հնարավորությունները և այլն։ Հետևաբար՝ եթե ՔՊ-ական օլիգարխները կամ նրանց խոսնակները առաջիկայում հայտարարեն, որ իրենց պատվերով՝ վերլուծաբանները, տնտեսագետները ուսումնասիրում են ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու ռիսկերն ու հնարավորություններն, ապա կարելի ասել, որ ԱԳ նախարարը չի ստում։

Ուշագրավ է նախարարի՝ «գաղտնիք չեմ բացահայտի» ընդգծումը։ Այս ասելով, ԱԳ նախարարը ցույց է տալիս, թե Թուրքիան գիտի, որ ՀՀ-ն քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, և այդ ուղղությամբ արդեն գործընթաց կա։ Այսպես ակնարկում է, թե Արևմուտքի դաշնակից Թուրքիան հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու գործընթաց է սկսել, մեզ չի վերաբերվի որպես չբարեկամի և ռուս-ադրբեջանական ագրեսիվ պլաններին չի մասնակցի։

Սակայն այս խոսքից անմիջապես հետո նախարարը «ճարպկորեն» նշում է, թե՝ «կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել»։ Արդյո՞ք նախարարն այսպիսով ակնարկում է, որ ՔՊ-ական իշխանությունը կարող է այդ գործընթացը հետ շրջել, հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու գաղափարից, մնալ ռուսական ուղեծրում ու շարունակել սպասարկել ռուսական շահերը, ինչպես անում էր մինչև ռուս-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ՀՀ որոշ հատվածների օկուպացիան։

Այսպիսի անորոշ ու լղոզ քաղաքականությունը ռիսկային է, խոցելի։ Կողմնակալ դիտորդի համար պարզ է, որ եթե ԵՄ-ին անդամակցելու գործընթացը,դեռ չսկսած, շրջելի է համարվում, նշանակում է՝ դրա վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում ու քաղաքական կամք չունեն։ Սա էլ հիմք է տալիս ենթադրելու, որ ԱԳ նախարարը չի որոշում ՀՀ արտաքին քաղաքականությունը, այլ միայն գաղափարներ է քննարկում և զբաղվում կանխատեսումներով։

Կարճ ասած՝ թուրքական հեռուստաալիքին ԱԳ նախարարի հարցազրույցը նրա հրաժարականը պահանջելու բավարար հիմք է։ Միայն այն, որ ժողովրդից թաքուն քննարկում են ԵՄ անդամակցության գաղափարը և գործընթաց վարում, բավարար է նրա և ՔՊ-ական իշխանության նկատմամբ անվստահություն հայտնելու համար։ Այսպիսի հանրային արձագանքը, գուցե՝ դրական նշանակություն կունենա և վաղվա քաղաքականություն որոշողը պատասխանատվությամբ կվերաբերվի իր գործին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված