Չնայած տասնամյակներ շարունակ սպառազինությունների ձեռքբերման ոլորտում Հայաստանի առաջատար գործընկերը եղել է Ռուսաստանը, այնուամենայնիվ վերջին տարիներին ՀՀ-ն սկսել է այլ երկրներից նույնպես սպառազինություն գնել։
Օրերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանից 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր մակարդակի։ «Սա նշանակում է, որ Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլ նաև այլ տեղերում՝ Ֆրանսիայում, Հնդկաստանում»,- ասել էր նա։
Oragir.News-ը ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյոք Գրիգորյանի հայտարարությունը վկայո՞ւմ է այն մասին, որ սպառազինության մատարակարման հարցում ՀՀ-ն ՌԴ-ին համարում է անհուսալի գործընկեր։ Մհեր Հակոբյանն ի պատասխան նշեց, որ խնդիրը թեև ռազմական է, սակայն իր բնույթով այն ավելի շատ քաղաքական է։
Փորձագետն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների միջև այս պահին առկա է ակնհայտ խզում, իսկ դիվանագիտական ժպիտներն ու քաղաքական ռեվերանսներն այդ խզումը ոչ մի կերպ չեն փակում։ Նա հիշեցրեց նաև, որ ՀՀ-ն փաստացի հայտարարել է դեպի Արևմուտք ընթանալու մասին։
Անդրադառնալով ուկրաինական ռազմաճակատում տիրող իրավիճակին՝ Մհեր Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ չնայած վերջին շրջանում ռուսական կողմը որոշ հաջողություններ է արձանագրել, այնուամենայնիվ դրանք ձեռք են բերվել ոչ թե ռուսական ռազմատեխնիկական ու քանակական առավելության, այլ հակառակորդի ուժասպառ լինելու հաշվին։ «Կռվի մասշտաբները ներկայումս շատ են ընկել, կարծես թե 2 արյունաքամ լինող մարդիկ անվերջ իրար հարվածում են՝ տեսնելու, թե ով ավելի շուտ կմահանա»,- ասաց նա։
Ռազմական փորձագետը նկատում է, որ Ռուսաստանն այս պահին ինքը չունի բավարար տեխնիկա, որպեսզի Հայաստանին նույնպես տրամադրի։ Նրա համոզմամբ՝ եթե այս պահին ՀՀ-ում լիներ ամենառուսամետ իշխանությունը, ապա ՌԴ-ից ասելու էին, որ այս պահին ՀՀ-ն պատերազմի մեջ չէ, թող մի փոքր սպասի, երբ լավ ժամանակներ կգան, կտրամադրեն անհրաժեշտ սպառազինությունը. «Ճիշտ է Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի ու մյուսների մոտեցումն ավելի շուտ քաղաքական է, իրենք եվրոպական ուղղությունն են ընտրել, սակայն այստեղ նաև օբյեկտիվ գործոններ էլ կան։ Ներկայումս անգամ ցանկության դեպքում էլ Ռուսաստանը Հայաստանին բավարար քանակությամբ զենք-զինամթերք չի տրամադրելու»։
Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ Ռուսաստանը հրետանային ու հրթիռային միջոցների, արկերի ու առհասարակ օդային միջոցների սարսափելի պակաս ունի, պարզապես հիմա հույս ունի, որ Ուկրաինան ավելի շուտ ուժասպառ կլինի, իսկ աշնանը խնդիրը քաղաքական լուծում կստանա։ Նա նշեց՝ թեև Արմեն Գրիգորյանի հայտարարությունը քաղաքական է, և իշխանություններն ընտրել են արևմտյան ուղղությունը, սակայն մյուս կողմից էլ պարզ չէ, թե փոխարենն ինչ կարելի էր անել ստեղծված իրավիճակում։
«Եթե նույնիսկ Հայաստանում ամենապրոռուսական գործիչը լիներ իշխանության, ապա Ռուսաստանը մեզ կրկին զենք չի տալու, քանի որ ինքը նույնպես դրա կարիքը ունի, դրանով Ուկրաինայում իր գոյաբանական խնդիրն է լուծում։ Սակայն Արևմուտքը նույնպես զենք-զինամթերքի խնդիր ունի. օրինակ ողջ Արևմուտքն այս պահին աշխարհով մեկ ընկած 155 մմ-անոց արկեր է փնտրում՝ Ուկրաինային տրամադրելու համար։ Էլ չեմ խոսում սովորական հրթիռային միջոցների ու զրահատեխնիկայի մասին, որի պակասը ուկրաինական ռազմաճակատում զգացվում է»,- նշում է նա։
Փորձագետը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ ՀՀ զենք հասցնելը հայտնի լոգիստիկ խնդիրների հետ է կապված, ինչպես նաև Արևմուտքը և՛ բավարար քանակությամբ զենք չունի, և՛ Հայաստանն իր համար առաջնային ճակատ չէ։ Նա նշեց, որ Ուկրաինայի արևմտյան սահմաններին միացյալ Եվրոպան է, և անհրաժեշտ է զենքը պարզապես սահմանն անցկացնել ու հասցնել ճակատ՝ խուսափելով ռուսական օդային հարձակումներից, որոնք այդ հատվածներում վերջին շրջանում շատ հազվադեպ են լինում։
Հակոբյանը շեշտեց, որ Հայաստանի պարագայում երկիմաստ է նաև Վրաստանի դիրքորոշումը՝ հիշեցնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի տխուր փորձը, երբ Վրաստանը փակել էր իր օդային սահմանները, ՌԴ-ից Հայաստան զենք էր գալիս Կասպից ծով-Հյուսիսային Իրան-Սյունիք ճանապարհով։ Նա վերահաստատեց, որ իրավիճակը չափազանց բարդ է, որը թեև Արմեն Գրիգորյանի մեղքը չէ, բայց այն գիտակցական ընտրություն էր, քանի որ իշխող վերնախավը հստակ արևմտամետ դիրքորոշում է բռնել, և իրենք վիճում են, թե իրենցից ով է ավելի արևմտամետ՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Արմեն Գրիգորյա՞նը, թե՞ օրինակ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե սպառազինութունների ձեռք բերման հարցում դիվերսիֆիկացիան ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական ռազմաքաղաքական գործընկերության վրա, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հայ-ռուսական հարաբերություններն արդեն այնքան ոլորտներում են ճգնաժամի մեջ հայտնվել, որ այս հանգամանքը երկրորդական է լինելու։ Նա նշեց, որ չճշտված լուրերի համաձայն՝ առաջիկա օրերին Վերին Լարսի անցակետը փակվելու է՝ վստահություն հայտնելով, ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին վատություն է անելու, որպեսզի երկրի ներսում իրավիճակը վատանա, և դա հանգեցնի իշխանափոխության։
Մհեր Հակոբյանը նշեց, որ ամռանը առկա է բերքահավաքի խնդիրը, որտեղ նույնպես Ռուսաստանը կարող է խոչընդոտներ ստեղծել, իսկ առավել դժվար կլինի ձմռանը։ Նրա համոզմամբ՝ չափազանց մեծ է հավանականությունը, որ աշնանը ԱՄՆ նախագահական ընտրություններում գործող նախագահ Ջո Բայդենը կտապալվի և իշխանության կգա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ինչը կհանգեցնի ուկրաինական պատերազմի առնվազն սառեցմանը և Ռուսաստանի ձեռքերը արձակմանը.
«Այս պարագայում Ռուսաստանն իր ձեռքերն ազատած և կրկնակի զայրացած կփորձի գոնե հարավային ճակատում ինչ-որ բանի հասնի, իսկ այստեղ իր գլխավոր կորուստը մենք ենք։ Եթե Ադրբեջանի հետ ուժի դիրքերից խոսելն ավելի դժվար կլինի, որովհետև տնտեսապես ու ռազմական առումով վերջինս ավելի ուժեղ երկիր է, ապա մեր հետ ավելի ազատ կպահի»։
Մհեր Հակոբյանը չի բացառում, որ այդ դեպքում ՌԴ-ն Հայաստանին գազ կվաճառի ոչ թե իր ներքին շուկայի, այլ եվրոպական երկրների համար սահմանված գներով, որոնք անհամեմատ ավելի թանկ են։ Նա նշեց, որ եթե միջին վիճակագրական հայի մեքենան 200 կմ-ի համար գազով լիցքավորվում է 3000 դրամով, ապա կպարզվի, որ նույն 200 կմ-ի համար անհրաժեշտ կլինի 30 համար, իսկ գազի թանկացումը շղթայական թանկացումների կհանգեցնի, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է գազի գնի հետ։ Նա կարծում է կարծում է, որ պետք չէր իրավիճակն այս աստիճանի սրել, որ իրավիճակից ելքն այսպիսին լիներ։
Փորձագետը նկատում է, որ անգամ Արցախյան պատերազմի օրերին կար այն վեճը, որ ռուսական զենքն ու կոնցեպտները լավն էին, սակայն հայերը լավ չկռվեցին. «Բայց իրավիճակը փոխվեց 2022 թվականին, երբ նույն զենքը ռուսներն են օգտագործում և այլևս չեն կարող ասել, որ մասնագետներն ու տեխնիկան վատն էին, ինչպես մեր դեպքում ասացին։ Արդեն ավելի քան 2 տարի է, ինչ ուկրաինական պատերազմն ընթանում է և ակնհայտ է, որ զենքի բոլոր տեսակներով արևմուտքն առաջ է։ Կան նաև բանակի կառավարման և ռազմավարչական համակարգի խնդիրները. երբ արևմտյան այդ համակարգերը տրամադրվեցին Ուկրաինային, վերջինս շատ հաջող դիմադրեց, թեև ճիշտ է պարտվում է ու կպարտվի, բայց եթե ուկրաինական բանակը ռուսական-սովետական մոդելով լիներ, ապա ավելի շուտ կպարտվեր»։
Մհեր Հակոբյանը վստահ է՝ Հայաստանը ճիշտ է անում, որ արևմտյան մոդելով է շարժվում, սակայն չի կարող նշել՝ տեղ կհասնի՞, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ միակ հեռանկարն այն է, որ Արևմուտքում շատ ակտիվ կերպով արդյունաբերական հզորություններ են ստեղծվում, մեծացնում են իրենց ռազմական արդյունաբերությունը, և երբ ուկրաինական պատերազմն ավարտվի, դա բերելու է գերարտադրության, որից Հայաստանի բախտը կարող է բերել, եթե առաջիկա 5-6 տարին անփորձանք անցկացնի։
«Եթե Ուկրաինան պատերազմ ավարտի, այդ արդյունաբերական հզորություններն էլ զարգանան ու եվրոպացիները չիմանան, թե դրանք որտեղ ներդնեն, ապա այդ ժամանակ մենք շանս կունենանք Հարավային Կորեա դառնանք, վերածվենք շատ մեծ զենքի պահստի։ Բայց կհասնե՞նք սրան, մեծ հարց է»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ անգամ ամենալավ գաղափարն էլ վատ կիրառելու դեպքում, ինչը Հայաստանի դեպքում չի բացառվում, կարող է նոր աղետների հանգեցնել։
Մհեր Հակոբյանն ասաց, որ ավելի քան 3 տարի է, ինչ Շուռնուխ գյուղի 13 տունը չեն կարողացել կառուցել, ինչը բլոգերների ծաղրանքն է առաջացրել։ Նրա խոսքով՝ վերջիններս ծաղրում են, թե Հայաստանը նման իրավիճակում ինչպես է կարողանալու Ադրբեջանի սպառազինությունները վերահսկի, եթե վերջինս նման փաստաթուղթ ստորագրի։
Ռազմական փորձագետը հավելեց, որ 25-օրյա վարժական հավաքներից վերադարձող անձինք այնպիսի բաներ են պատմում, որոնք վկայում են, թե վիճակը որքան վատ է։ Նրա ասաց, որ կառավարման որակի խնդիր կա՝ վերահաստատելով իր պնդումն առ այն, որ անգամ լավագույն միտքը վատ իրագործելու դեպքում կհանգեցնի աղետալի հետևանքների։
Դավիթ Գույումջյան