Ադրբեջանում անց է կացվում «Բազմազանության պահպանումը․ պայքար իսլամոֆոբիայի դեմ 2024 թվականին» միջազգային խորհրդաժողովը։
Միջոցառմանն ունեցած ելույթում Իլհամ Ալիևը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով Հայաստան ուղարկել հատուկ պատվիրակություն՝ «Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանների վիճակի գնահատման համար՝ հաշվի առնելով դրանց շարունակական ոչնչացումը Հայաստանի կողմից»։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ձգտման «ջատագով» Նիկոլ Փաշինյանին Իլհամ Ալիևը պատասխանում է՝ Հայաստանի նկատմամբ իր երկրի տարածքային նկրտումների հերթական դրսևորմամբ։ Հայտնի է, որ ադրբեջանական մեդիան ակտիվորեն աղավաղում է հայկական տեղանունները ոչ թե ժամանցի համար, այլ որպես միանգամայն կոնկրետ ռազմաքաղաքական ծրագրի տեղեկատվական նախապատրաստական փուլում նախատեսված գործողություն։
Հայաստանը զավթելու թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան ներկայում գտնվում է ակտիվ նախապատրաստության փուլում։ Oragir.News-ն անդրադարձել է ինչպես վերջին ամիսներին ադրբեջանական հատուկ զորքերի մշտական վարժություններին, որոնց անցկացվում են բարդ եղանակային պայմաններում, այնպես էլ վերջին օրերին արդեն թուրքական զինված ուժերի կողմից անցկացվող մեծամասշտաբ զորավարժություններին, որոնք ընթանում են Հայաստանին սահմանակցող Կարսի նահանգում։ Բացի դրանից, Ադրբեջանը և Թուրքիան կատարում են ռազմական ոլորտի ղեկավարների ակտիվ փոխայցեր, միաժամանակ՝ իրականացնում սպառազինության խմբաքանակների մշտական ներկրումներ Ադրբեջան։
Միաժամանակ, ռուսական քարոզչամեքենան է դրսևորում ակտիվություն՝ բավական պարզ տեքստով հասկացնելով, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսը հանգեցնում է հարաբերությունների փչացման և, որպես հետևանք, հարցերը ռազմական ճանապարհով լուծելու «հնարավորության»։
Ըստ ամենայնի, անգամ Հայաստանի կառավարիչներն են զգացել, որ «խաղաղության խաչմերուկն» ինչ-որ չի ստացվում, և իրենց հերթին որոշակի միջոցներ են ձեռնարկում՝ տարածաշրջանային պետությունների հետ ճշտելու հնարավոր քայլերը, որոնք կարող են իրականացվել դեպքերի այս կամ այն սցենարով զարգանալու պարագայում։
Այսպես, թե այնպես՝ հարավկովկասյան տարածաշրջանը գտնվում է պայթյունավտանգ փուլում, և միայն գլոբալ իրադարձությունների կտրուկ շրջադարձերը կարող են չեզոքացնել կամ գոնե առժամանակ հետաձգել մեծ ռեգիոնալ պատերազմը։
Տիգրան Աթանեսյան