Փետրվարի 7-ին Ալիևը «տոնեց» իր հինգերորդ անընդմեջ «հաղթանակը» նախագահական աթոռին։
Դժվար է, իհարկե, ավտորիտար Ադրբեջանում փնտրել ու գտնել այլախոհ մարդկանց, քանի որ այդպիսի «նմուշներին» Ալիևի ուժային կառույցները շտապ վնասազերծում են՝ ապահովելով բանտային կայուն և երկարատև պայմաններ։
Սակայն սոցիալական որոշ ցանցերում, որոնց նկատմամբ տոտալ վերահսկողություն ըստ ամենայնի հնարավոր չէ կատարել՝ ելնելով տեխնիկական պատճառներից, երբեմն երևում են հատուկենտ ընդդիմադիրներ, որոնք հիմնականում բնակվում են արտերկրում և վախ չունեն ալիևյան պատժիչ մեքենայից։
Փետրվարի 16-ին, ուրեմն, Ալիևն Ալի Ասադովին վերանշանակեց վարչապետի պաշտոնում, հաստատեց կառավարության «նոր կազմը», որտեղ ճնշող մեծամասնությունը փորձված և ալիևյան ռեժիմի նկատմամբ կույր հավատարիմ կադրեր են։
Հատկապես Ասադովի նշանակումը «Տելեգրամի» ադրբեջանական ալիքներից մեկում որպես լուր տեղադրվեց այսպիսի տեքստով․ «Կարճ ասած, գնում ենք դեպի նոր ժամանակներ՝ հին վարչապետով»։ Տեղադրվելուց քիչ անց, այդ լուրն անսպասելիորեն դարձավ մի քանի ադրբեջանցի և այլազգի օգտատիրոջ քննարկման նյութ՝ քննադատական «թեքումով»։
Այսպես, ոմն Ռասիմ, օրինակ, գրառել էր․ «Այս ընտրությունները միայն արտաքին աշխարհի համար բուտաֆորիա են, իբր թե՝ Ադրբեջանում էլ են անցկացվում ընտրություններ։ Հենց առաջին օրն եմ ասել՝ վերանշանակեք (Ալիևին – խմբ․) հաջորդ ժամկետով, ինչու՞ եք իզուր փող ծախսում»։ S.H.F. կոչվող օգտատերը գրել է․ «Պատերազմն ավարտվել է, հույս ունեմ՝ հաջորդիվ կզարգացնեն տնտեսությունը, բայց մինչ այդ՝ պետք է վերացնել կոռուպցիան, ներդրումների համար պայմաններ ստեղծել, զարգացնել անկախ դատական համակարգը․․․ Այ, թե ինչ խնդիրներ ունի իշխանությունը։ Կապրենք, կտեսնենք»։
FYI կոչվող օգտատերը գրում է․ «Դեռ կա՞ մարդ, որ հավատում է այդ «նոր» ժամանակներին»։




Զգալով, որ չաթում այդպիսով արդեն հակաալիևյան բնույթի մեկնաբանություններն են դառնում գերիշխող՝ ըստ ամենայնի, տվյալ տելեգրամյան ալիքի «նախաձեռնությամբ» մեկը մյուսի ետևից ի հայտ եկան ալիևամետ գրառումներ, ինչն առաջացրեց բանավեճ։



Վերը նշված Ռասիմն իր հետագա մեկնաբանություններում նշեց․ «Որպեսզի Ադրբեջանում փոփոխություններ լինեն՝ պետք է դա անել կարդինալ եղանակով, սկսելով հենց առաջին դեմքից։ Առանց դրա ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու»։
Դիտրիխ Շտրաուզե կոչվող օգտատերը գրեց․ «Ղարաբաղը վերադարձրել եք, իսկ հետո՞ ինչ։ Հետո՝ լավ ոչինչ»։
Բանավեճն ավարտվեց Ռասիմի այս գրառմամբ․ «Պետք է նոր պատերազմ, այլապես կառաջանան ավելի ու ավելի նոր հարցեր»։
Տիգրան Աթանեսյան