ԵՄ դիտորդները 2 անգամ են կարողացել մտնել Ներքին Հանդ․ Դանիել Իոաննիսյան
copy image url

ԵՄ դիտորդները 2 անգամ են կարողացել մտնել Ներքին Հանդ․ Դանիել Իոաննիսյան

Ներքին 1 տարի առաջ - 20:47 16-02-2024
«Չեմ ասի, թե այդ տեղեկությունը որտեղից է»,- այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով երեկ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմանը, որտեղ մասնավորապես նշել էր․

«Ներքին Հանդ գնացող ճանապարհի խաչմերուկում ռուսաստանյան սահմանապահները արգելափակոց են տեղադրել և ԵՄ դիտորդներին չեն թողնում մոտենալ գյուղին»։

Իոաննիսյանն ասաց, որ ԵՄ դիտորդները ՀՀ-ում գործունեություն են ծավալում 1 տարուց ավելի, սակայն ընդամենը 2 անգամ են կարողացել մտնել Ներքին Հանդի տարածք՝ 2 անգամն էլ լուրջ խոչընդոտներ հաղթահարելով․

«Այս ամբողջ ընթացքում ԵՄ դիտորդները 2 անգամ են մտել Ներքին Հանդի տարածք, մի անգամ ԱԱԾ շատ բարձրաստիճան պաշտոնյան գոռաց ռուս սահմանապահների վրա, որպեսզի նրանք չխոչընդոտեն, մի անգամ էլ ՀՀ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ, որոնք ևս ռուս սահմանապահների ստեղծած խոչընդոտը հաղթահարել են»։

Ճշտող հարցին՝ իսկ ինչ են արձանագրել ԵՄ դիտորդները, երբ ընդամենը 6 ամիս առաջ՝ 2023 թվականի օգոստոսին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ, արդյոք որևէ գործընթաց հաջորդե՞ց այս սադրանքին, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․

«Բայց ով է ասել, որ դա չեն գրանցել։ Իրավական գնահատական տալիս են դատարանները, դատախազը կամ քննիչը։ ԵՄ դիտորդները նրա համար են, որպեսզի ԵՄ-ն աչքեր ունենա տեղում և ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատականների հիմքում ունենա օբյեկտիվ տեղեկատվություն։ Ինչպես տեսնում եք, ԵՄ-ի քաղաքական գնահատականները ԵՄ դիտորդների տեղակայումից հետո բավականին փոխվել են, և նախկին չեզոք գնահատականների փոխարեն բավականին հայանպաստ գնահատականներ են դարձել։ ԵՄ դիտորդները ոչինչ չեն հրապարակում, իրենք զեկուցում են Բրյուսելին, Բրյուսելն էլ տալիս է իր գնահատականները, և պետք է քոռ լինել, որպեսզի չտեսնել, թե ոնց են փոխվել Բրյուսելի գնահատականները»։

Ամենից շատ դիտված