ՀՀ իշխանություններն Արևմուտքի հետ իրական գործընկերություն չեն հաստատում
copy image url

ՀՀ իշխանություններն Արևմուտքի հետ իրական գործընկերություն չեն հաստատում

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:30 15-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նախօրեին կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 5-րդ նիստը։ Նիստի արդյունքներով կողմերն ընդունել են համատեղ մամուլի հայտարարություն։

Գործընկերության խորհուրդը նախագահում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը նշեց, որ նման փաստաթղթերն ունեն դեկլարատիվ բնույթ, և գործնականում այս պահի դրությամբ Հայաստանի ու ԵՄ-ի միջև ինտեգրացիոն որևէ գործընթաց տեղի չի ունեցել։ Ըստ նրա՝ փաստաթղթից տարիներ առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին, ստորագրվել էր Հայաստան-ԵՄ ՍԵՊԱ-ն, որում կային բազմաթիվ միջոցառումներ, որոնք Հայաստանի իշխանությունները պարտավոր էին իրականացնել՝ ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու համար։

Բադալյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն այդ ՍԵՊԱ-ից ոչ մի գործողություն լիարժեք չեն կատարել։ «Իհարկե ինչ-որ միջոցառումներ կատարվել են, ծրագրային որոշ կետեր շատ թերի են իրականացվել, պարբերաբար ձգձգվում են, կան կետեր, որոնք վաղուց պետք է իրականացված լինեին, սակայն տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն այդքան էլ արդյունավետ չեն իրագործում այդ պայմանագիրը։ Սա պետք է նաև կառավարության ծրագրի մաս հանդիսանար, եթե հիմք ենք ընդունում, որ այս իշխանությունները մտադիր էին ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթաց իրականացնել»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե 2017 թվականի շրջանակային համաձայնագիրը չի իրականացվել, ապա այս նոր հայտարարությունը, որը սահմանում է, որ նոր օրակարգ պետք է լինի, նոր կետեր ունի, դժվար թե իրագործվի։ Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները թեև խոսում են արևմտյան արժեհամակարգի մասին, այնուամենայնիվ ոչ մի քայլ չեն ձեռնարկում Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ իրական գործընկերային հարաբերություններ հաստատելու։

«Հատկապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հետ ինտեգրացիոն ոչ մի գործընթաց որպես այդիպիսին չեն իրականացրել։ Նման պայմաններում կարելի է 100 հատ նման հայտարարություն ստորագրել, բայց գործը տեղից չի շարժվի»,- ասաց նա։

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն ձեռնարկում այն դեպքում, երբ բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ ՀՀ-ն շարժվում է դեպի Արևմուտք, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունները ոչ թե շարժվում են դեպի Արևմուտք, այլ նրանք գտնվում են վերջինիս վերահսկողության տակ։ Նա ընդգծեց՝ վերջիններս խամաճիկային կառավարում են իրականացնում և կատարում են Արևմուտքի ծրագրերը։

Բադալյանի պնդմամբ՝ գործող իշխանությունները Արևմուտքի չեն գնում, նրանք պարզապես հակառուսական քաղաքականություն են վարում, ինչն անտրամաբանական է։ Նրա խոսքով՝ կարելի է վարել ռուսական աշխարհին կամ ԲՐԻԿՍ-ի կառույցներին ինտեգրվելու քաղաքականություն, որոշ մարդիկ դա կընդունեն, որոշները՝ չեն ընդունի, կարող են իրականացնել արևմտյան աշխարհին՝ ԵՄ, ԱՄՆ, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քաղաքականություն, ինչը նույնպես տրամաբանական է։

«Կարելի է նաև բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել՝ բոլորից հավասար հեռավորություն պահպանելով, ինչպես նաև համագործակցելով արաբական աշխարհի ու աֆրիկյան երկրների հետ։ Սա էլ է տրամաբանական, սակայն ՀՀ իշխանությունները միայն հակառուսական քաղաքականություն են վարում, որը երկրին ոչինչ չի տալիս։ Թվարկված 3 ուղղություններն էլ ինչ-որ բաներ կտային, բայց երբ ՀՀ-ն հակառուսական քաղաքականություն է վարում, ոչ մեկից ոչինչ չի ստանում և մեծացնում է ՌԴ-ի դժգոհությունը, ինչը վնասում է պետությանը»,- կարծում է նա։

Արմեն Բադալյանը կարծում է, որ հենց այս իրողությունների հետևանքով ԵՄ-ի հետ կնքված բազմաթիվ փաստաթղթեր մնում են թղթի վրա, ու դրանց գործնական քայլեր չեն հաջորդում։ Նրա համոզմամբ՝ գործնական քայլեր չեն լինում, քանի որ ներկայումս իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները իշխանության են եկել ոչ թե Արևմուտքի հետ ինտեգրացիոն քաղաքականություն իրականացնելու, այլ պարգևավճարներ ստանալու ու պետության հաշվին տարբեր երկրներ ճանապարհորդելու համար։

«Նրանք ընդամենը պրեմիաներ են ստանում, իսկ նման լուրջ քաղաքականություն իրականացնելու համար պետք է ունենալ նաև համապատասխան ինտելեկտուալ մակարդակ, որը նույնպես նրանց մոտ չկա։ Ընդամենը պրեմիա ստացողներ են, դրա համար էլ ամեն ինչ թղթի վրա է մնում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի