Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նախօրեին հայտարարել էր, որ ՏԻՄ ողջ համակարգն ախտահարված է քաղաքական կոռուպցիայիով։ Սուքիասյանն ընդգծեց՝ չպետք է պատրանքներ ունենալ, որ Երևանը կարող է բացառություն լինել՝ հիշեցնելով, թե ինչպես օրեր առաջ ավագանու ընդդիմադիր անդամները զրկվեցին իրենց մանդատներից։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը դիմեց նաև դահլիճում ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչներին և հրավիրեց նրանց ուշադրությունը՝ ասելով, որ լռությունը ավելի վատ հետևանքների է բերելու:
Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ընդգծեց, որ ամբողջությամբ համաձայն չէ Մանուկ Սուքիասյանի այն դիտարկման հետ, որ ողջ ՏԻՄ համակարգն է ախտահարված քաղաքական կոռուպցիայով, սակայն ակնհայտ է, որ ՏԻՄ համակարգում ընտրություններից հետո առկա են քաղաքական կոռուպցիայի, ինչպես նաև ճնշումների երևույթներ։
Իզաբելլա Աբգարյանն ընդգծում է՝ գործող իշխանության իշխանության որդեգրած քաղաքակնությունն է ընտրությունները կեղծել ոչ թե քվեարկության օրը, դրանց արդյունքներով ընտրված ավագանիները վերաձևավորելու և ամեն գնով իշխանության հասնելու միջոցով։ Նա նշեց, որ նման դեպքեր կան ոչ միայն Երևանում, այլ նաև բազմաթիվ այլ համայնքներում։
«Կարծում եմ, որ մեր օրենսդրությունն էլ ունի բացեր, ՏԻՄ-ի մասով մենք արդեն բազմաթիվ բացեր ենք գտել, այդ թվում Երևանի մասով։ Նույնիսկ այդ չարաբաստիկ օրենքը, որը կիրառվեց մեր քաղաքական ուժի առաջնորդ Հայկ Մարությանի նկատմամբ, ինչպես նաև բազմաթիվ այլ օրենքներ ընտրողի ձայնն ու մասնակցությունն ընտրություններին գրեթե զրոյացնում են, որովհետև ինչպես էլ ժողովուրդը ընտրի, իրենք հետագայում կարողանում են անել այն, ինչ ուզում են»,- կարծում է նա։
Մեր զրուցակիցը համոզված է, որ այս համակարգը չի նպաստելու, որ հաջորդ ընտրություններին ավելի շատ մարդիկ մասնակցեն, ընդհակառակը՝ ընտրողների մոտ հուսահատություն ու հիասթափություն է առաջացնելու։
Հարցին, թե գործող իշխանությունների պարագայում նշված խնդիրների լուծումը իրատեսական համարո՞ւմ են՝ Իզաբելլա Աբգարյանը բացասական պատասխանեց։ «Ակնհայտ է, որ նրանց շատ դուր եկավ նախկինների տված գործիքները՝ ամեն ձևով ՏԻՄ ընտրություններում անել այնպես, ինչպես իրենց է հարմար, իսկ հետագայում իրենց համար նախընտրելի ավագանի ձևավորել։ Քանի որ Սերժ Սարգսյանի կոստյումը Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել, և նա հպարտորեն դա կրում է, չեմ կարծում, որ կգնա այդ փոփոխություններին»,- պնդեց նա։
Ընդդիմադիր գործիչն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ գործող իշխանությունները մսխեցին սկզբնական շրջանում իրենց ունեցած բարձր վստահությունը և տոսկսները, իսկ Երևանում կայացած վերջին ընտրությունների արդյուքներով չնչին ձայներ ստացան։ Նրա խոսքով՝ տվյալ իրավիճակում իշխանություններն իրեց հույսը կապել են նախկինների թողած օրենքների և այլ՝ իշխանությունից բխող լծակների վրա։
Իզաբելլա Աբգարյանից նաև հետաքրքրվեցինք, թե իրենց քաղաքական ուժը դատական կարգով վիճարկելո՞ւ է Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը, ինչպես դա արել է «Մայր Հայաստան» խմբակցությունը։ Ընդդիմադիր գործիչը նշեց, որ քաղաքական ուժը տվյալ պահին իրավաբանների հետ խորհրդակցություններ է անցկացնում։
Աբգարյանը հավելեց, որ Հայաստանում գործող դատարանների հետ այնքան էլ հույսեր չեն կապում և կարծում են, որ այս գործընթացը պետք է հասնի մինչև Եվրոպական դատարան։
Դավիթ Գույումջյան