ՊՆ պաշտոնյան զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու համար պահանջել է 28 հազար դոլար կաշառք
copy image url

ՊՆ պաշտոնյան զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու համար պահանջել է 28 հազար դոլար կաշառք

Ներքին 1 տարի առաջ - 15:21 09-02-2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ: Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար վերջիններս համաձայնեցված միջոցներ են ձեռնարկել, որոնց արդյունքում Գ. Հ.-ի որդին ձևական հաշվառվել է Սյունիքի մարզի համայնքներից մեկում՝ այդպիսով ընդգրկվելով ՊՆ պաշտոնատար անձի ղեկավարած բաժանմունքի սպասարկման տարածքում:

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՊՆ պաշտոնյան, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Գ. Հ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար, 2023 թվականի մայիսի 21-ին Գ. Հ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը, մտերիմ փոխհարաբերություններ ունենալով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ծառայողներից մեկի հետ, վերջինիս միջնորդությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերել Կապան համայնքի բնակիչ ամուսինների հետ՝ 5.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց նրանց որդու օգտին գործողություն կատարելու և հովանավորչության, այն է՝ հարկ եղած դեպքում զորակոչման գործընթացին միջամտելու և տարկետում ձևակերպելը երաշխավորելու վերաբերյալ:

Արդյունքում՝ ՊՆ պաշտոնյայի կողմից միջնորդ անձի միջոցով կաշառքի գումարը ստանալուց հետո զորակոչիկին տրամադրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում:

Վերը նշված հանցավոր արարքների համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ վերջինիս կաշառք տված և կաշառքի միջնորդություն կատարած անձանց՝ 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 437-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC