Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մենք չունենք պատմական անցյալ. ուսուցիչ 
copy image url

Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մենք չունենք պատմական անցյալ. ուսուցիչ 

Ներքին 1 տարի առաջ - 13:50 06-02-2024
Շիրակի մարզի դպրոցների պատմության ուսուցիչները տարբեր առիթներով հայտնում են իրենց մտահոգությունը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։

Ուսուցիչները խուսափում են հարցազրույցներից, բայց մասնավոր զրույցներում նշում են, որ ԿԳՄՍ-ի առաջարկությունը հերթական անհեթեթություններից է, որով ստվեր է գցվում պատմական անցյալի վրա։ Ուսուցիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ (հրահանգված է դասագրքերը չքննարկել, դա պատմաբանների գործն է) ասում է, որ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մենք չունենք պատմական անցյալ։

«Նիկոլը, որ էսպես շարունակի՝ 29.800-ից 10.000-ից էլ քիչ կմնա։ Ես մտավորականների լռությունից եմ ապշած... պիտի այս խայտառակ առաջարկը բողոքարկվեր, պիտի հիմա Անդրեասյանին՝ այդ տիկնոջը, բացատրեին, որ մենք մանկուրտ չենք, և դուք չեք որոշողը մեր պատմությունը, դուք չեք մեր պատմությունը գրողը։ Սրանք ուզում են ջնջել պատմությունից կարեւոր ու առանցքային դրվագները, մեզ ստիպելու են, որ մոռանանք հայոց բառը, որը ընդհանրական է. Արևմտյան Հայաստանից մինչև Արցախ, որի մեջ ներառվում են նաև Ջավախքը, Նախիջևանը, ներկայիս Հայաստանը և այլն։ Հայաստանի պատմություն ասելով՝ պետք է, որ ներառվի Հայաստանի պատմությունը, որտեղ հատուկ ընդգծված կլինի 2018 թվականի սիրո և թավիշի հեղափոխությունը։ Հայաստանի պատմության մեջ վստահաբար չի ներառվելու արցախյան հերոսական հաղթանակը, 44-օրյա գոյամարտը։ Ես չգիտեմ՝ ուր ենք գնում, ուր են տանում մեզ էս իշխանությունները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է պատմության ուսուցիչը։

Մեկ այլ ուսուցիչ էլ, որը նույնպես աշխատանքից զրկվելու վախից ուզում է անանուն մնալ, ասում է, որ ընդհանրապես չի ուզում անդրադառնալ ԿԳՄՍ-ի առաջարկությանը՝ համարելով այն ոչ հայամետ։

«ԿԳՄՍ-ի այս որոշումով մենք աստիճանաբար հրաժարում ենք պահանջատիրությունից, Արցախի հիմնախնդրից, սփյուռքից ու այն ամենից, ինչը չի մտնում Նիկոլ Փաշինյանի հայտարարած 29.800 քկմ-ի մեջ։ Հերթական դավաճանական քայլը, հերթական զիջումը թշնամուն։ Սա ոչ այլ ինչ է, քան պատմական անցյալից հրաժարվել»,- ընդգծում է գյումրեցի ուսուցիչը։

Ուսուցիչները մեզ հետ զրույցում ասում են, որ 7-րդ դասարանի դասագրքերից ամեն ինչ սկսվեց, դեռ այն ժամանակ պիտի այդ գիրքը նետվեր աղբամանը և թույլ չտրվեր, որպեսզի մտնի դպրոցական ծրագրի մեջ։

«Բոլոր բարեխիղճ ուսուցիչները պիտի խղճի համաձայն մտնեն դասարան և աշակերտներին մատուցեն այն պատմությունը, որը իրենք գիտեն, ոչ թե այն պատմությունը, որը Փաշինյանի թելադրմամբ ու թշնամու պատվերով է գրվել»։

Ամենից շատ դիտված