Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, ըստ որի ծանրացվում է փաստաբանների հարկային բեռը:
Ըստ նախագծի` նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5-ի փոխարեն, այսինքն` կրկնապատկել, իսկ 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Հարությունյանի հետ։ «Մեղմ ասած նախագիծը վիճահարույց է, որովհետև նախ յուրաքանչյուր նախագիծ ուղարկում են քննարկման, բայց էս նախագիծը չգիտես ինչու ոչ փաստաբանների պալատ է ընդունվել, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։Բացի դա նախագծում չկա ոչ մի պատճառաբանություն, թե ինչու են ուզում փոխել, կամ ինչով են բացատրում այդ փոփոխության անհրաժեշտությունը»,-ասում է Հայկ Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով`իշխանությունները փաստաբաններին դարձրել են թիրախ և ֆինանսական բեռը ավելացնելով փորձում են խեղճացնել։ «Փաստաբանը էդ դեպքում երկու տարբերակ ունի. կամ պետք է ավելացնի ծառայության արժեքը, կամ պետք է որոշ չափով ստվերով աշխատի։
Բնականաբար բարեխիղճ փաստաբանը ստվերով աշխատել չի ցանկանում, ստիպված պիտի գնանք առաջին տարբերակին և ավելացնելու ենք ծառայությունների արժեքը։ Առաջին տարբերակի դեպքում բնականաբար տուժում է հասարակ քաղաքացին և էդ դեպքում տուժում է նաև պետությունը, որովհետև ծառայությունների ավելացման դեպքում հանրային պաշտպանի գրասենյակ դիմող քաղաքացիների քանակը կավելանա, այսինքն`դա արդեն պետության պոզիտիվ պարտականությունն է քաղաքացիներին ապահովել պաշտպանով։
Այդ դեպքում էլ հանրային պաշտպանների քանակը պետք է ավելացնել և փաստացի այս նախագծով տուժում են բոլորը, նույնիսկ պետությունը չի շահում»,-շարունակում է Հարությունյանը։ Հայկ Հարությունյանն ասում է`պատճառաբանություն չի ներկայացվել, որ իրենք կարողանան հակադարձել։ «Այսօրվա իշխանությունները օրենքները բերում են, թիրախային խմբեր են ընտրում։ Չգիտես ինչու այս իշխանությունը փաստաբանների հանդեպ լավ տրամադրված չէ, իմ այդ ենթադրությունը հիմնավորված է։
Առաջին հերթին մենք արդարադատություն իրականացնող ինստիտուտ ենք, օգնում ենք արդարադատություն իրականացնողներին, բայց դա կարծես թե չեն հասկանում այսօրվա իշխանությունները, բայց զարմանալի է, որ նույն իշխանության ներկայացուցիչները, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաբանների կարիք նախկինում ունեցել է և վստահ եմ, որ զգացել է փաստաբանի դերը արդարադատություն իրականացնելիս, բայց որ այսօր հակառակ ուղղությամբ են գնում դա ինձ համար հասկանալի չէ»,-նշեց Հարությունյանը։ Փաստաբանի խոսքով`իշխանության բոլոր քայլերը խոսում են այն մասին, որ իրենք տրամադրված են փաստաբանների դեմ։