Հայաստանում նոր գնաճի վտանգ կա
copy image url

Հայաստանում նոր գնաճի վտանգ կա

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:00 03-02-2024
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 30-ին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 %-ով՝ սահմանելով 8.75 %:

Ինչ նպատակ է հետապնդում գլխավոր դրամատան այս որոշումը, ինչպես այն կանդրադառնա սպառողական շուկայի վրա: Թեմայի վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

- Պարո՜ն Պարսյան, ինչո՞վ է պայմանավորված Կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 %-ով իջեցնելու որոշումը։

-Երկրում գնաճի մակարդակը պլանայինից ցածր է, այս տարի պլանային ցուցանիշը 4% է, այն դեպքում, որ անցած տարի 2% գնաճ ունեցանք: Դրան գումարած՝ խնդիր կա տնտեսական աճը, պահանջարկը խթանելու: Վարկի տոկոսադրույքների բարձր լինելու պատճառով կարող է նվազել սպառողական վարկերի, բիզնես վարկերի պահանջարկը, հիփոթեքի պահանջարկը, և Կենտրոնական բանկը, տոկոսադրույքը իջեցնելով, խթանում է պահանջարկը Հայաստանում, նաև տնտեսական ակտիվության հարցն է փորձում լուծել, քանի որ կառավարությունը 2024-ին նախատեսել է 7 % տնտեսական աճ, իսկ դա դժվար է իրականացնել 2022-ի՝ 12.6% , և 2023-ի մոտ 9% տնտեսական աճի պայմաններում, հետևաբար պետք է փորձեն աճի խթանման գործիքներ կիրառել:

-Արդյո՞ք այն կարող է հանգեցնել գնաճի։

-Այո՛, եթե առաջարկի ավելացում չլինի, այսինքն նոր ապրանքներ, նոր ծառայություններ, ի հայտ չգան շուկայում, կարող է գնաճ լինել: Բացի այդ, գնաճին կարող են նպաստել դոլար-դրամ փոխարժեքի տատանումները: Էժանացնելով դրամի նկատմամբ ծախսը՝ Կենտրոնական բանկը աջակցում կամ անուղղակի կերպով նպաստում է, որ դրամը արժեզրկվի, այսինքն մոտակա ժամանակներս կարող ենք դրամի արժեզրկում ունենալ իսկ դրամի արժեզրկումը կարող է հանգեցնել ներկրվող ապրանքների թանկացման, իսկ դա նշանակում է, որ առնվազն առկա են գնաճային ռիսկեր:

Ամենից շատ դիտված