Չե՛մ արտագաղթելու, սա արդեն բրենդ է դարձել, դեռ տարիներ առաջ, երբ ժողովուրդը հուսալքված լքում էր Հայաստանը։ Գյումրիի սրտում գտնվող «Անի ֆոտոսերվիսի» մուտքի դռանը ևս փակցված է՝ Չե'մ արտագաղթելու։
Oragir.News-ի հետ զրույցում «Անի ֆոտոսերվիսի» տնօրենը Գագիկ Մխիթարյանն ասում է, որ արդեն չի էլ հիշում,թե ումից է նվեր ստացել Չե'մ արտագաղթելու սթիքերը, բայց այնքան տպավորված էր,որ կար ժամանակ, երբ իրենք էլ էին տպագրում և բաժանում։
«Չեմ հիշում, թե ով է նվիրել, մոտ տասը տարի առաջ էր։ Հետաքրքիր նվեր էր, հեղինակը ես չեմ։ Կար ժամանակ՝ շատ ունեինք էս սթիքերներից, սիրահոժար բոլորին բաժանում էինք»,-ասում է վարպետ Գագիկը։
«Անի ֆոտոսերվիսի» տնօրենի խոսքով`գաղափարախոսությունը շատ լավն է, ուղերձը մարդկանց հասնում է։
«Ինձ համար ձեռքբերում էր,երբ մեկը եկել էր վիզայի համար նկարվելու, փոշմանեց, որոշեց, որ չի գնալու։Դա ինձ համար պատասխան էր, չնայած որ այսքան տարիների ընթացքում առաջին դեպքն էր»,- ասում է Գագիկ Մխիթարյանը։