Ծառուկյանը բազմիցս զգուշացրել է՝ հետևանքները շատ վտանգավոր են լինելու
copy image url

Ծառուկյանը բազմիցս զգուշացրել է՝ հետևանքները շատ վտանգավոր են լինելու

Ներքին 1 տարի առաջ - 17:30 24-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում անդրադարձել էր իր հրապարակային հանդիպումների ու տարբեր մասնագիտական խմբերի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում կարևորված գաղափարներին։ ԲՀԿ առաջնորդը վստահություն էր հայտնել, որ այդ գաղափարները կարող են լինել Հայաստանի վերականգնման հիմքում։

Գագիկ Ծառուկյանը նախևառաջ կարևորել էր ներքին հաշտեցման անհրաժեշտությունը՝ նշելով, որ եթե ցանկանում ենք ունենալ ներքին հաշտություն, ապա պետք է գնանք հանրային ներքին հաշտեցման, ներհասարակական հաշտության։ Բացի այդ նա համոզմունք էր հայտնել, որ ներկայումս չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։ «Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն։ Հայաստանին պետք է նոր մթնոլորտ՝ առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ։ Ու դրա համար Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ»,- նշել էր Ծառուկյանը։

Oragir.News-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նոր գաղափարների, ձևաչափերի, մոտեցումների և խաղի կանոնների մասին է ակնարկում ԲՀԿ առաջնորդը։ Տոնոյանն ի պատասխան նշեց, որ Գագիկ Ծառուկյանն իր տարածած հայտարության մեջ ներկայացված 10 կետերում առավել քան հստակ շարադրել է իր գաղափարը․

«Այս պահին պարոն Ծառուկյանի ասածները երկրորդելու տրամաբանությունը չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որ երբ ժամանակն ու պահը հասունանա պարոն Ծառուկյանն անձնապես ավելի հստակ կմանրամասնի, թե կոնկետ ինչ ի նկատի ուներ։ Բայց կարծում եմ, որ գաղափարը հասկանալի է․ իրականում մեր երկրում այս պահին ստեղծված իրավիճակում չկա մի ուժ, կամ քաղաքական կուսակցություն, որը միանձնյա կկարողանա երկիրը դուրս բերել ստեղծված բարդ ու դժվարին իրավիճակից»։

Ինչ վերաբերում է նոր մթնոլորտի անհրաժեշտությանը, ապա Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ այդ մասին Գագիկ Ծառուկյանը բազմիցս է նշել, մասնավորապես, որ Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ներքին հաշտեցում։ «Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա առաջին քայլերից մեկը պիտի լինի ներքին հանրային, ներհասարակական հաշտեցման հաշտեցման գնալը, հակառակ պարագայում հետևանքները շատ վտանգավոր են լինելու, ընդհուպ, ինչպես պարոն Ծառուկյանն է իր հայտարարության մեջ նշել, եթե ազգովի չենք ուզում դառնալ փախստական, ապա պետք է գնանք ներքին հանրային հաշտեցման և ներհասարակական համերաշխության ճանապարհով»,- ասաց նա։

Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան»-ը դիտարկո՞ւմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, որի վերաբերյալ վերջին շրջանում քաղաքական դաշտում քննարկումներ են ծավալվում՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ ինչպես ցանկացած քաղաքական ուժ, այնպես էլ ԲՀԿ-ն, երբևէ կանխատեսումներով ու բախտագուշակություններով չի զբաղվել։ Նա նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված կան քաղաքական գործընթացներ և դրա անցկացման ճանապարհը բոլորին հասկանալի է։

«Կարծում եմ՝ երբ կլինեն կոնկրետ գործընթացներ, դրանց հետ կապված արդեն «Բարգավաճ Հայաստան»-ը իր դիրքորոշումը կհայտնի»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը 2007-2021 թվականներին եղել է Հայաստանի խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված