Տեղահանվածները համահավասար պայմաններում չեն գտնվում․ մի խումբ արցախցիներ դժգոհում են
copy image url

Տեղահանվածները համահավասար պայմաններում չեն գտնվում․ մի խումբ արցախցիներ դժգոհում են

Ներքին 1 տարի առաջ - 14:40 23-01-2024
Մի խումբ արցախցիներ դիմել են Oragir.News-ի խմբագրություն և իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստանում պետական աջակցությունից զատ տարբեր օգնությունների հետ կապված, որոնք տրամադրվում են անհատների կամ կազմակերպությունների կողմից։

«Սոցիալական հարթակներում, ինչպես նաև հասարակական շփումներում՝ ամեն օր հանդիպում ենք զանազան արցախցիների, որոնք ամենատարբեր օգնություններ են ստանում ամենատարբեր եղանակներով՝ չհաշված պետական աջակցությունը։

Դա ուրախալի է, որովհետև բազմաթիվ մարդիկ տուն-տեղից են զրկվել և ամեն հնարավոր բանի կարիք ունեն։ Սակայն եթե, օրինակ, պետական վերահսկողությունը տեղյակ է, որ արցախցին ՀՀ-ում ունի անշարժ գույք, ըստ այդմ նա չի կարող «40+10 հազար»-ից 40 հազար դրամի (որը բնակվարձն է) շահառու լինել, ուրեմն նաև կարող և պարտավոր է ֆիլտրել այն անձանց, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերումով մշտապես օգտվում են այս ու այն անձանց կամ կազմակերպությունների տրամադրած օգնություններից, իսկ բնակչության մի ստվար զանգված, բոլորովին անհայտ պատճառներով, շարունակում է մնալ միայն այն նվազագույնի հույսին, որ տալիս է կառավարությունը։

Իհարկե, կարելի է պատճառաբանել, որ օգնողը սեփական հայեցողությամբ է որոշում թիրախ խումբը և հատկացվող աջակցության չափն ու տեսակը, բայց քանի դեռ տեղահանվածները համահավասար պայմաններում չեն գտնվում, միշտ լինելու են դժգոհություններ, հատկապես եթե հաշվի առնենք տեղահանված մարդկանց սթրեսային վիճակը։

Ուստի հարկ է պետական սոցիալական կառույցների միջոցով կազմակերպել մարդկանց տրվող աջակցությունը՝ սահմանելով օբյեկտիվ վերահսկողություն։

Առաջիկայում, ըստ տեղեկությունների, նախատեսվում է որոշումների կայացում տեղահանվածների բնակարաններով և գույքով ապահովելու մասով, և խիստ անցանկալի կլիներ, եթե մարդկանց մասին պետությունն ամբողջական տվյալներ չունենալով՝ ձեռնամուխ լիներ նրանց խոշոր կարիքների բավարարմանը»,- նշել են նրանք։