Անկախացումից հետո արաբական երկրների հետ համագործակցության ներուժը գրեթե չի օգտագործվել
copy image url

Անկախացումից հետո արաբական երկրների հետ համագործակցության ներուժը գրեթե չի օգտագործվել

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:00 22-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախորդ շաբաթ Հայաստան էր այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին ընդունել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատվիրակությունը խորհրդարանում այլ հանդիպումներ նույնպես ունեցել էր։

Oragir.News-ը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեց, թե ՀՀ-ԱՄԷ տնտեսական գործակցության ակտիվությունն ինչ մոտիվացիա և հեռանկար ունի, ինչին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց, որ արաբական երկրների հետ տնտեսական համագործակցության շատ մեծ ներուժ կա, որը Հայաստանը չի օգտագործում կամ գրեթե չի օգտագործում։ Նրա խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա են համագործակցելու ամենաիրական հնարավորությունները։

Մանասարյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ Իրաքից Հայաստանի կառավարությանը պաշտոնապես առաջարկ էր ներկայացվել՝ գյուղմթերք և էկոլոգիապես մաքուր սնունդ արտահանելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրաքյան կողմը պատրաստակամություն էր հայտնել այնքան արտադրանք ձեռք բերել, որքան հայկական կողմը կկարողանար մատակարարել, իսկ սովորաբար պաշտոնապես նման առաջարկներ չեն լինում։

«Այս դեպքում, ի դեմս Միացյալ Էմիրությունների, մենք գործ ունենք մի երկրի հետ, որը վերջին տարիներին տարբեր ապրանքների գծով մեծ պահանջարկ է ձևավորել՝ սկսած խմելու ջրից, վերջացրած գյուղմթերքով։ Ավելին, պետք է չմոռանանք, որ ԱՄԷ-ն վերջին 20 տարում բարձր տեխնոլոգիաների գծով թռիչքային զարգացում է ունեցել, ուստի այդ երկրում և՛ ինժիներական միտքը, և՛ ընդհանրապես ծրագրավորողների ծառայությունները բավականին պահանջված են։ Այսինքն՝ գիտատար արտադրանքի ոլորտն է, որ ավելի մեծ հեռանկար ունի՝ զուգահեռ այն ամենին, որոնք ես թվարկեցի»,- կարծում է նա։

Թաթուլ Մանասերյանը շեշտում է, որ անկախության տարիներից ի վեր Հայաստանն արաբական երկրների հետ էպիզոդիկ առևտրաշրջանառություն ունի։ Նրա խոսքով՝ ներկայումս, երբ Իրանի տնտեսական գոտու վերաբերյալ վերջնական պայմանագիր է ստորագրվել, և հյուսիս-հարավ առանցքը, որի շուրջ պարբերաբար քննարկումներ են ծավալվում, Հայաստանի համար շատ ռեալ հեռանկար է բացում։

Նա այս համատեքստում կարևորում է փորձագետների աշխատանքը՝ նշելով, որ փորձագիտական միտքը պետք է պահանջարկված լինի։ «Ինձ հայտնի են մի քանի հետազոտություններ, հաշվարկներ, որոնք կատարվել են և՛ անհատ փորձագետների, և՛ փորձագիտական կենտրոնների կողմից։ Այդ հաշվարկները կա՛մ մասնակի են օգտագործվել, կա՛մ առաձնապես շատ մեծ պահանջարկ չեն ունեցել։ Ներկայումս կարծում եմ, որ պետությունը պետք է սերտ համագործակցի, որպեսզի այդ ուղղությունները հիմնավոր լինեն ու հստակ հաշվարկներ ունենան»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու արաբական երկրների հետ փոխգործակցության ներուժը գրեթե չի օգտագործվել, մեր զրուցակիցը դա պայմանավորեց այն հանգամանքով, որ անկախության տարիներին Հայաստանի բոլոր իշխանությունները թերագնահատել են այս ուղղությունը։ Նրա համոզմամբ՝ սրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի բոլոր իշխանությունները փորձել են նայել կա՛մ դեպի արևմուտք, կա՛մ հյուսիս, իսկ հարավն ու արևելքը միշտ թերագնահատված է եղել։

«Այսինքն՝ փորձել են շատ արևմտամետ քայլեր ձեռնարկել և դուր գալ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, կամ էլ՝ ՌԴ-ին։ Ցանկացած երկրի համար շատ կարևոր է աշխատել ու սերտացնել հարաբերությունները, սակայն միակողմանի աշխատանքը որևէ ձևով չի արդարացվում, և միայն ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը չի կարող լինել շատ հիմնավոր, քանի որ այս դեպքում էլ մեկուսանում ենք մնացած երկրներից։ Երբ փորձում ենք դիվերսիֆիկացնել ու բազմազանեցնել մեր կապերը, բայց չենք օգտագործում արաբական աշխարհի հնարավորությունները, ապա կարծում եմ՝ դա կարճատեսություն է»,- նշում է նա։

Տնտեսագետը նկատում է, որ եթե մի քիչ ավելի մանրամասն ուսումնասիրենք այն դինամիկան ու տենդենցները, որոնք կան արաբական երկրներում, հատկապես ԱՄԷ-ում, կարող ենք ասել, որ իսկապես բավականին լուրջ առաջընթաց են գրանցել։ Նրա խոսքով՝ այս երկրները գիտեն, թե իրենց նավթադոլարները կամ եկամուտները որտեղ ծախսեն ու ինչ առաջնահերթություններ սահմանեն։

Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ-ի ու ԱՄԷ-ի միջև ռազմական փոխգործակցություն հաստատվի, մասնավորապես ԱՄԷ-ն սպառազինություն մատակարարի, տնտեսագետը պատասխանեց, որ այս ուղղությամբ շատ լավատես չէ, քանի որ ԱՄԷ-ի գրավչությունն ավելի շատ տնտեսական ոլորտում է։ Նա նշեց, որ նման հնարավորությունը չի բացառում, սակայն շատ իրատեսական էլ չի համարում, քանի որ պետք է հաշվի առնել, որ ԱՄԷ-ն սերտ համագործակցում է այն երկրների հետ, որոնց մի մասը շատ բարյացակամ վերաբերմունք չունի ՀՀ-ի հանդեպ։

«Եթե մենք միայն տնտեսական համագործակցություն ծավելենք, ընդ որում՝ այդտեղ ներառենք երկակի նշանակության որոշ ապրանքներ՝ ինչպես ներմուծելու, այնպես էլ արտահանելու առումով, ապա կարծում եմ, որ դա էլ շատ մեծ առաջընթաց կարող է համարվել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC