Ինչպես արդեն հայտնի է, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայ ժողովրդի պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Նման նախագիծ է շրջանառվել Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագիծն առաջարկելու պատճառահետևանքային կապին
Oragir.News-ի հետ զրույցում է անդրադարձել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Հայկ Դեմոյանը, ում խոսքով՝ այս քայլը ևս պետական քաղաքականության օրինակ է. «Պատահական ոչինչ չի լինում. դրա հիմքում կա քաղաքական որոշում: Այդպիսի քաղաքական գիծ իրականացնելը չեն թաքցնում ո՛չ Փաշինյանը, ո՛չ նախարար Անդրեասյանը»:
Oragir.News-ի հետ զրույցում պատմաբանը հիշատակել է այն մասին, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագրքի քննարկման ժամանակ այս մասին խոսել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Տխրահռչակ դասագրքի քննարկման ժամանակ բոլոր գիտնականների ներկայությամբ Անդրեասյանը հայտարարեց, որ կա պետական քաղաքականություն, որն իրականացնում է նախարարությունը՝ չշեղվելով և գործածությունից դուրս չհանելով դասագիրքը: Իհարկե, նախարարը տեղում փոխեց միտքը՝ մոռանալով՝ ինչ էր ասել: Հիմա էլ մոռացել է, որ հանձնարարել է ինչ-որ երրորդ կարծիքի ներկայացման մասին»:
Անդրադառնալով նախարարության առաջարկած նախագծին՝ Դեմոյանն ասաց. «Որքանո՞վ լուրջ կարող է լինել այսպիսի որոշումը՝ ելնելով դրա անլրջությունից: Այսպիսի որոշումը չի կարող որևէ հիմնարկություն միանգամից կայացնել. դրա համար պետք են հիմնավորումներ, որոնք գիտաժողովների, գիտական քննարկումների արդյունքում են լինում: Մենք ունենք և՛ «Հայաստանի պատմություն» անունով դասագրքեր, գիտական աշխատություններ՝ նախկինում եղած, և՛ ունենք «Հայ ժողովրդի պատմություն»: Հիմա հասկանանք՝ որն է խորքը տվյալ հայտարարության. չէ՞ որ պետական քաղաքականություն են իրականացնում: Ես մի քանի էլեմենտներով հենց իրենց հայտարարությունների հիման վրա բացատրեմ, թե իրենք ինչ են ուզում անել: Իմաստն այն է, որ ներկայի և ապագայի մեսիջը ուղարկեն այդ հանձնարարությունը տվող շրջանակներին, իսկ այդ հանձնարարությունը լիովին տեղավորվում է թուրքական նախապայմանների մեջ, որոնք հնչեցվում են նաև վարչապետ Փաշինյանի բառապաշարում: Դա հայտնի «Արարատին մի՛ նայեք»-ն է, որը հենց այնպես չի արտահայտվել»:
Դեմոյանը մտահոգություն հայտնեց, որ տվյալ հայտարարությամբ ապագայի պատկերացումները սահմանափակվելու են 29,8 քառակուսի կիլոմետրի մեջ. «Դա նշանակում է՝ մեր ապագայի բոլոր պատկերացումները, նպատակներն ու քաղաքականությունը պարփակվելու են իր սիրած 29 հազար 800 քառակուսու մեջ: Եվ այնքան ապաշնորհ է իրենց մոտեցումը, որն էլ գալիս է իրենց սահմանափակ ինտելեկտուալ կարողություններից և գիտելիքներից: Շատ արագ կարելի է կռահել, որ «Հայաստանի պատմություն» ասելով՝ իրենք ամենը ամփոփելու են այս սահմանների մեջ: Ինչպե՞ս կարելի է ասել, որ Արևմտյան Հայաստան կա. չի կարելի, կնեղացնենք, չէ՞ որ հանձնարարություն է եկել: Իրենց քաղաքականությունը, այդ թվում՝ դասագրքերի մեջ Արևմտյան Հայաստանի հուշարձանների լիակատար բացակայությունը, ամփոփելու են այս «Հայաստանի պատմություն» դասագրքում, այս սահմանների մեջ, որովհետև դա է նախապայմաններից մեկը»:
Դեմոյանն անդրադարձավ նաև այն դեպքին, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քրեական պատասխանատվության չենթարկվեց՝ քննադատելով ՀՀ պետական խորհրդանիշը՝ ՀՀ զինանշանը:
«Ինչո՞ւ է Փաշինյանը թիրախավորում ՀՀ պետական խորհրդանշանը, ինչը, ի դեպ, քրեորեն դատապարտելի արարք է, ինքն էլ չդատվեց նաև ընդդիմության անգործության կամ համագործակցության պատճառներով: Նա ծաղրեց զինանշանը և ասաց, որ սխալ է մի պատճառով. այնտեղ կա Արարատ: Այս ամբողջ տրամադրությունը հավաքվում է մեկ գդակի տակ. կտրել մեր պատկերացնումները այն հայրենիքի հետ, որ կոչվում է Հայաստան: Իր համար Հայաստանը պետք է պատկերացնել այսօրվա սահմաններում: Աբսուրդի ժանրը հենց այստեղ է»:
Ամփոփելով զրույցը՝ Դեմոյանն ասաց. «Կարճ ասած՝ այս քայլով նրանք ապացուցում են պետական քաղաքականությունը՝ առավելագույն չափով նեղացնելը ՀՀ սահմանները անցյալի, ներկայի, ապագայի առումով, ինչի համար էլ տալիս են դրամաշնորհներ, բնականաբար, դրսից»: