Փաշինյանը սպասում է, որ դրսում ինչ-որ բան կփոխվի
copy image url

Փաշինյանը սպասում է, որ դրսում ինչ-որ բան կփոխվի

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:30 15-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հունվարի 13-ին Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում Փաշինյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում մի շարք ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալից հայտարարություններին՝ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի նկատմամբ և այնպիսի պայմանագիր ստորագրել, որը թույլ կտա հետագայում նոր ագրեսիաներ իրականացնել ՀՀ-ի դեմ։ Հայաստանի վարչապետն իր խոսքում Ադրրբեջանի նման մոտեցումն անընդունելի որակեց։

Oragir.News-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Փաշինյանը ձգտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե գիտակցում է, որ այդ երկիրը նման հավակնություններ ունի ՀՀ-ի նկատմամբ։

Մեր հարցին ի պատասխան քաղաքագետը նշեց՝ չի կարծում, որ Փաշինյանը ձգտում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է ժամանակ ձգել, քանի որ այն ինչ կատարվում է աշխարհում, անդրադառնում է նաև մեր տարածաշրջանի վրա։ «Փաշինյանը փորձում է ժամանակ շահելով սպասել, որ դրսի խաղացողների հարաբերություններում, որը կանդրադառնա նաև մեր տարածաշրջանի վրա»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ուղղված սպառազինությունների փոխադարձ վերահսկողություն իրականացնելու մասին Փաշինյանի առաջարկին, մեր զրուցակցը շեշտեց, որ այդ առաջարկին պետք չէ լուրջ վերաբերվել։ Քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի, ուստի ինչ-որ բան է առաջարկում՝ թեման փոխելու համար։

Ստեփան Դանիելյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ բանակցությունների օրակարգում Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի պահանջներն են, Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ դիրկուրս է մտնցում, որպեսզի խոսակցությունը շեղի, ուրիշ հարցերի շուրջ քննարկումներ ընթանան, և դրանով նա ժամանակ շահի։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկին ոչ մեկ լուրջ չի վերաբերվում։

Հարցին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից կարո՞ղ ենք ենթադրել, որ մեզ նոր զիջումներ են փորձում պարտադրել՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ նոր զիջումներ միշտ էլ պարտադրվել են, իսկ հիմնական զիջումն այն պետք է լինի, որ Սյունիքն անցնի Ադրբեջանի կազմ։ Քաղաքագետի համոզմամբ՝ անկախ ձևակերպումներից, դա թուրք-ադրբեջանական ավելի քան 100 տարվա ծրագիր է, այստեղ ոչ մի նորություն չկա, և հիմա իրենք վերադարձել են այդ ծրագրին, քանի որ համապատասխան իրավիճակ է ստեղծվել.

«Դա Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմավարական խնդիր է, և իրենք դրանից հետ չեն կանգելու։ Այդ պահանջները եղել են անգամ մինչև 2020 թվականի պատերազմը, 1996-1998 թվականի բանակցություններում է անգամ Մեղրիի խնդիրը եղել, և, նորից եմ կրկնում՝ առաջին հերթին Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը դրանից չեն հրաժարվելու, պարզապես այս երկրները հարմար իրավիճակի են սպասում»։

Ստեփան Դանիելյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, ում հայտարարություններից մենք կարող ենք հասկանալ, թե իրավիճակն ինչպիսինն է։

Մեր հարցին, թե Նիկոլ Փաշինյանի քայլերը բավարա՞ր են առկա սպառնալիքներին դիմագրավելու համար՝ քաղաքագետը պատասխանեց, որ Հայաստանի կողմից քայլեր չի տեսնում, որոնք կարող են ինչ-որ ձևով դիմագրվել այդ սպառնալիքներին։ Դանիելյանի կարծիքով՝ եթե մինչև այժմ Սյունիքի նկատմամբ ագրեսիա չի իրականացվել, ապա դա Իրանի կողմից իրականացված քայլերի շնորհիվ է։

«Սյունիքի նկատմամբ ագրեսիան կանխում է Իրանը, որն այդ հարցում իր ազգային շահերը ունի։ Հայաստանի կողմից այստեղ ո՛չ քայլեր կան, ո՛չ էլ որևէ այլ բան։ Այն, որ Սյունիքը դեռ Հայաստանի կազմում է, կախված է զուտ Իրանի քայլերից»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված