Դպրոցականների առարկայական օլիմպիադաները դեռ ընթացքի մեջ են, սակայն Գյումրու «Ֆոտոն» վարժարանում վառվեց օլիմպիական ջահը՝ միանգամից 2 միջազգային հաղթանակներ կերտելով։ Այս մասին հայտնում է Գյումրու ՖՈՏՈՆ վարժարանը։
«Այնպես, ինչպես բոլոր արվեստները ձգտում են դեպի երաժշտություն, այնպես էլ բոլոր գիտությունները ձգտում են դեպի մաթեմատիկա...
Մաթեմատիկան անորոշ մտքերի համար խորհրդանիշներ չունի...
Այս ամենը լիուլի ապացուցեցին հերթական անգամ ֆոտոնցիները հեռավոր Ղազախստանում՝ արևելքում, որը նաև մաթեմատիկայի հնագույն բնօրրաններից մեկն է, արևելք, որը տվել է Ավիցեննա, տվել է «ալգորիթմ» հասկացությունը, իսկ ֆոտոնցիները գիտեն ամենագլխավոր ալգորիթմը՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԱԼԳՈՐԻԹՄԸ։
Ղազախստանում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադայում «Ֆոտոն» վարժարանի XII ֆիզմաթ դասարանի աշակերտ Դավիթ Բադիշյանն արժանացել է բրոնզե մեդալի ինֆորմատիկա առարկայից, իսկ ուսուցիչների միջազգային լիգայում վարժարանի ուսուցիչ Մանյակ Մութաֆյանն արժանացել է ոսկե մեդալի։
Վարժարանի տնօրենությունը, ողջ մանկավարժական հանրույթը, աշակերտներն ու ծնողները հպարտանում և ջերմորեն շնորհավորում են՝ հայտնելով իրենց երախտագիտությունը ձեր անձնվեր աշխատանքի համար։ Կեցցե՛ք, սպասում ենք նոր հաղթանակների»,- ասված է հաղորդագրությունում։