Բազմաթիվ ուսուցիչներ, որոնք դիմել են կամավոր ատեստավորման համար և չեն հաղթահարել այն, ահազանգում են, որ ԿԳՄՍՆ-ն խաբեությամբ է զբաղվում, և իրենք, անկախ իրենց կամքից, ազատվել են աշխատանքից։
«Բանն այն է, որ կամավոր ատեստացիային դիմելով աշխատավարձը բարձրանում է, բայց պայմանագրի ներքևում մանր տառերով գրված է,որ ատեստացիան չանցնելը հիմք է աշխատանքային պայմանագիրը լուծելու համար։ Փաստացի, բազմաթիվ ուսուցիչներ իրենց կամքից անկախ խաբեության զոհ են դարձել։ Մենք ուզում էինք բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ, բայց դրա մասին նախարարությունից տեղեկացել էին, խոստացան, որ հարցին կփորձեն լուծում տալ,միայն թե աղմուկ չբարձրանա»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց աշխատանքից ազատված ուսուցիչներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայության հետ, սակայն մեզ պատասխանեցին, որ գրավոր հարցում ուղարկենք։
Նշենք, որ ատեստավորումը ուսուցչին հնարավորություն է տալիս զգալիորեն բարձրացնել աշխատավարձը։ Այն իրականացվում է քննական թեստերի միջոցով. մասնակցածներն այն կառուցվածքով նմանեցնում են դիմորդների միասնական քննություններին, որքան միավորը բարձր է, այնքան մեծ է աշխատավարձի հավելավճարը։
Ըստ գործող կարգի՝ եթե մանկավարժը 60%-ից պակաս միավոր է հավաքում, չի անցնում ատեստավորումը։