Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը Երուսաղեմի իրավիճակի վրա ներազդելու հնարավորություն չունի
copy image url

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը Երուսաղեմի իրավիճակի վրա ներազդելու հնարավորություն չունի

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:30 29-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երուսաղեմում` շուրջ 30 մարդկանցից կազմված խումբը հարձակվել է Հայկական թաղամասում գտնվող հայապատկան տարածքի վրա: Միջադեպի հետևանքով քարեր են նետվել հայերի ուղղությամբ, մարդիկ վիրավորումներ են ստացել:

Տարածված տեսանյութերում երևում է` ինչպես են հայ հոգևորականները փորձում պաշտպանել հայապատկան տարածքը:

Վերջին շրջանում նման հարձակումների մի քանի դեպք է գրանցվել: Համայնքն` իր սահմանափակ ուժերով ինքնապաշտպանական խմբեր է կազմել և փորձում է պաշտպանել հայկական ունեցվածքը և ժառանգությունը:

Oragir.News-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնեցին, որ գրասենյակը ինչպես երեկվա միջադեպից, այնպես էլ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հրեական կազմակերպության միջև «Կովերի պարտեզ»-ի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մշտապես կապի մեջ է համայնքի և պարտարքարանի հետ.

«Սակայն, ցավոք, գրասենյակն այս գործընթացներում ուղիղ ներազդման հնարավորություն չունի, քանի որ պատրիարքարանի և տվյալ կազմակերպության միջև խնդիրն իրավական դաշտում է գտնվում։ Կա պայմանագիր, այն ունի ստորագրող կողմեր, որոնք պետք է իրավական դաշտում դատական կարգով կարողանան հանգուցալուծեն խնդիրը»։

Գրասենյակից նաև պարզաբանեցին, որ սա մասնավորը մասնավորի հետ խնդիր է, որտեղ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներազդելու հնարավորություն չունի։ Գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ իրենք համայնքի ներկայացուցիչների հետ կապի մեջ են՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են աջակցել այս գործընթացում։

Մեր հարցին, թե իրավիճակը հանգուցալուծելու համար պետական մակարդակով և մասնավորապես Իսրայելում ՀՀ դեսպանատան միջոցով քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարից նշեցին, որ հարցն իրենց գործառույթների շրջանակներում չէ՝ հորդորելով դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև ԱԳՆ-ի հետ, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված