Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է խաղաղության հնարավորություն։ «Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն՝ չնայած բազմաթիվ խոչընդոտներին և բարդություններին, չնայած, նույնիսկ, ԼՂ-ի հայ բնակչության տեղահանությանը»,- ասել էր Միրզոյանը:
Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ զարմացած և ապշած է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից։ «Որո՞նք են հիմա Հայաստանում իշխանության աթոռները զբաղեցնողները համարում խաղաղության ազդակ. օրինակ՝ Ադրբեջանի միլլի մեջլիսի հայտարարությո՞ւնն է իրենց վստահություն ներշնչում, որ խաղաղությունը մոտ է։ Հայտարարությունն այն մասին էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատմական Ադրբեջանի տարածք է, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ»,- նշեց նա։
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այսպիսի հայտարարություններից հետո ոչ միայն պաշտոնական արձագանք չենք տեսնում, որն առնվազն պետք է լիներ արտաքին գործերի նախարարության հայտարարության միջոցով, այլ բարձր պաշտոններ զբաղեցնողները սկսում են ավելի շատ գովել Ադրբեջանին և ասել, որ խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ։ Վարդանյանը շեշտեց, որ ներկայիս իշխանության, բանակցողների, վարվող քաղաքականության և Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության պայմաններում հնարավոր է միայն գերեզմանային խաղաղություն հաստատել։
«Իրենք տեսնում են, որ հայկական հարցը կարող են լուծել ճիշտ այնպես, ինչպես լուծեցին Արցախի հարցը։ Ես որևէ այլ ազդակ, ճիշտն ասած, Ադրբեջանից չեմ տեսնել և չեմ տեսնում, իսկ ծանոթանալով քննարկվող փաստաթղթում առկա առաջարկներին, տեսնելով Ադրբեջանի հռետորաբանությունը, հետևելով քաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումներին՝ կարող եմ նշել, որ խաղաղության դարաշրջան կոչվածն ամենամեծ սուտն է, որը հորինել է Նիկոլ Փաշինյանը՝ մեր ժողովրդին խաբելու համար։ Այլ մեկնաբանություն չեմ կարողանում գտնել»,- նկատեց նա։
Հարցին, թե ինչով է պայմանավորված իշխանության ներկայացուցիչների շրջանում նման լավատեսությունը՝ պատգամավորը պատասխանեց, որ իրենք շահագրգռված են որևէ փաստաթղթի ստորագրմամբ և պատերազմից հոգնած ու մեծ աղետներ տեսած մեր ժողովրդին կխաբեն կեղծ խաղաղության թեզով։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն դա կներկայացնի որպես ձեռքբերում և դրա միջոցով կփորձի իր իշխանությունը երկարաձգել։
Քրիստինե Վարդանյանը շեշտում է, որ միայն անպատասխանատու հիմարը կարող է դեմ լինել խաղաղությանը, պարզապես իրականությանն անհրաժեշտ է բաց աչքերով նայել ու տեսնել, որ 3 տարի առաջ մեզ ստում էին, որ հնարավոր է Արցախի հարցում զիջումներ կատարելու գնով հասնել խաղաղության, հետո ստում էին, որ նշաձողն իջեցնելով հնարավոր է միջազգային կոնսոլիդացիա ձևավորել և պաշպանել արցախահայերի իրավունքները, իսկ հիմա ամենամեծ վտանգն այն է, որ այդ մարդիկ սկսել են խոսել Հայաստանի համար խաղաղություն ապահովելուց.
«Պետք է հիշենք, որ այս մարդիկ խոսեցին արցախահայերի իրավունքների պաշտպանությունից, դրա համար փոխեցին իրենց ռազմավարությունը, ինչը բերեց Արցախի հայաթափմանը։ Հետևապես, երբ խուսում են Հայաստանի համար խաղաղություն հաստատելուց, ես վախեում եմ, որ դա բերելու է ամենաավերիչ պատերազմին։ Ի վերջո մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր պատերազմից հետո 3 տարի է բանակցում են, ու մեզ համար տարին ամփոփում ենք ադրբեջանական հերթական հարձակմամբ»։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ վերջին 3 տարում բախվել ենք ադրբեջանական 3 հարձակման, այդ թվում՝ Հայաստանի վրա։ «Հետևապես ես չգիտեմ, թե անբարոյականության ինչ աստիճան պետք է ունենալ, որ այս պարագայում նույն մարդիկ շարունակում են խոսել, թե իրենք կարող են խաղաղություն բերել»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան