Wall Street Journal հաղորդմամբ՝ Իսրայելը առաջարկել է մեկշաբաթյա հրադադար հաստատել ՀԱՄԱՍ-ի հետ, սակայն վերջինիս կողմից մերժվել է։ Առաջարկի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակեր նաև տարեց պատանդներին, որոնք շտապ բժշկական օգնության կարիք ունեն: Դրա դիմաց Իսրայելը մեկ շաբաթով կդադարեցներ օդային և ցամաքային գործողությունները Գազայում և թույլ կտար ավելացնել մարդասիրական օգնության ներհոսքը դեպի անկլավ:
Oragir.News-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ՝ փորձելով պարզաբաննել, թե ինչ պատճառներով է Իսրայելը նման առաջարկ արել, և ինչու է այն մերժել ՀԱՄԱՍ-ը։
«Վերջին շրջանում բավականաչափ լայն ճնշում է գործադրվում Իսրայելի նկատմամբ՝ հատկապես գերիների խնդրով պայմանավորված։ Ռազմական գործողությունների ընթացքում 3 գերի իսրայելեկան կողմի գործողությունների հետևանքով է մահացել, իսկ ըստ իսրայելական տեղեկատվական ռեսուրսների՝ 2-4 հոգու էլ ՀԱՄԱՍ-ն էր մահապատժի ենթարկել»,- նշեց Պետրոսյանը։
Արաբագետի խոսքով՝ հիմնական պատճառը եղել է միջազգային լայնամասշտաբ ճնշումը Իսրայելի վրա, որին ընդառաջ Իսրայելը փորձում էր առաջարկել հրադադար ՀԱՄԱՍ-ին, սակայն կրկին գերիների փոխանակման տարբերակով։
Ամերիկյան մամուլի տեղեկությունների համաձայն՝ Բայդենի վարչակազմը մինչև տարեվերջ ժամանակ էր տվել Իսրայելին՝ պատերազմն ավարտելու համար։ Հարցին, թե որքանո՞վ է այս սցենարն իրատեսական համարում, և արդյոք հրադադարի առաջարկը պայմանավորվա՞ծ է այս ամենով, Պետրոսյանը պատասխանեց. «Միանշանակ պայմանավորված է նաև դրանով, քանի որ ոչ միայն Իսրայելն է ճնշման ենթարկվում, այլ նաև Միացյալ Նահանգները։ Ըստ էության՝ Միացյալ Նահանգները Իսրայելի համար հանդիսացել է դիվանագիտական և ռազմաքաղաքական հովանոց, որպեսզի պետությունը իրականացի իր նպատակները Գազայում։ Եթե չլինի Միացյալ Նահանգների և՛ ռազմական, և՛ քաղաքական համակողմանի աջակցությունը, բնականաբար՝ Իսրայելը չի կարող այդ ծավալի և նման աղետալի հետևանքներով պատերազմ մղել»։