Փաշինյանի մեսիջն Ալիևին. ՀՀ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի՝ առանց արցախահայերի իրավունքների ամրագրման
copy image url

Փաշինյանի մեսիջն Ալիևին. ՀՀ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի՝ առանց արցախահայերի իրավունքների ամրագրման

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:30 20-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցը տվեց Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձավ հանրությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի։ Փաշինյանը չշրջանցեց նաև Արցախյան հիմնահարցը և հերթական անգամ Արցախի շուրջ տեղի ունեցած աղետալի իրադարձությունների համար պատասխանատու համարեց բոլորին, բացի իրենից։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանի հարցազրույցն ուներ մեկ գլխավոր մեսիջ, որն ուղղված էր Ադրբեջանին, Թուրքիային և մյուս շահագրգիռ պետություններին։ Նրա խոսքով՝ Փաշինյանի ասելիքի հիմնական իմաստն այն էր, որ Հայաստանը համաձայն է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր սկզբունքին։

«Ինքը վերջնականապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի հայերի իրավունքներ մասին որևէ դրույթ արձանագրելու։ Սա իր պատասխանն էր նաև, որ ինքը պատրաստ է խաղաղության պայմանագրում այդ դրույթն արձանագրել»,- նշեց նա։

Հարցին, թե ինչու է Փաշինյանը պարբերաբար անդրադառնում Արցախի հարցին և փորձում պատասխանատվությունը բարդել նախկին իշխանությունների վրա, երբ հասարակությունը կարծես թե համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ և որևէ կերպ չի ընդվզում, քաղաքագետը պատասխանեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, ճանաչելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ էր որևէ տրամաբանական շղթա կառուցել և ցույց տալ, որ ինքը ստիպված է գնացել այդ որոշմանը։

«Սակայն դա կարևոր չէ։ Այս հարցազրույցում դա երրորդական, չորրորդական նշանականություն ունի, թե ինքն ինչ է ասել։ Այս հարցազրույցն առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին, իսկ թե հանրությունն ու քաղաքական ուժերն ինչպես կարձագանքեն, դա կտեսնենք իրենց դիրքորոշումներից»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե արդյոք նման կերպ Փաշինյանը փորձում էր հանրությանը նոր զիջումներ պատրաստել, Դանիելյանը նշեց՝ չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի բնակչությունը հետաքրքրություն է ներկայացնում, կամ բնակչությունը հստակ տեսակետներ ունի։ Նա ընդգծեց՝ տեսակետներ հայտնում են քաղաքական ուժերը, որոնք իրենցից քաղաքական կառույցներ են ներկայացնում, կամ պետք է ներկայացնեն, որին առաջիկայում ականատես կլինեն։

Ստեփան Դանիելյանը հավելեց, որ բնակչությունից արձագանքներ սպասելը լուրջ չէ։ Նա ասաց, որ այդ արձագանքները կարող ենք սոցցանցերում կարդալ և մոռանալ, իսկ քաղաքական առումով դրանք ոչ մի խնդիր չեն լուծում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի